Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոց հասնելը հեշտ գործերից չէ, մարզադպրոցը գտնվում է քաղաքի ծայրամասում, մեղմ ասած ոչ բարոք վիճակում: Մեր այցի ժամին դպրոցում պարապմունքները դեռ չէին սկսվել, բայց ներսից բարձր աղմուկի ձայներ էր լսվում: Ներս մտնելով տեսանք, որ մարզադպրոցի տնօրենն ու փոխտնօրենը շինարարական աշխատանքներ էին իրականացնում մարզադահլիճում: Խնդրեցինք նրանց մի պահ վայր դնել շինարարական գործիքներն ու կիսվել մեզ հետ իրենց խնդիրներով: Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը զրույցն սկսեց հետևյալ կերպ.<< Ես բողոքել չեմ սիրում, այն ինչ տեսնում եք` այն է, ինչին մենք արժանի ենք: Ա’յ , դուք պետք է տեսներիք այս դպրոցը, երբ ես այստեղ անցա աշխատանքի որպես տնօրեն: Ոչինչ չկար, շուրջ 60 պատուհաններից ոչ մեկի վրա ապակի չկար…միայն մի քանի մեքենա աղբ կար: Անհրաժեշտ էր շատ արագ լծվել աշխատանքի: Ես այն բախտավոր տնօրեններից եմ, ով բախտ է ունեցել աշխատել այնպիսի կոլոկտիվի հետ, ինչպիսին մերն էր: Աշխատեցինք մի մարդու նման, նվիրվեցինք այս պատերին, այստեղ մարզվող սաներին ու որոշ չափով կարողացանք հաստատության մեջքն ուղղել»: Տնօրենը թվարկում է առաջնային խնդիրները՝ անկեղծ հույս ունենալով, որ դրանց լուծումը չի ուշանալու:
«Մարզադահլիճը վերանորոգման կարիք ունի, սանհանգույցների ու հանդերձարանների նորոգումն էլ կիսատ մնաց ֆինանսների բացակայության պատճառով,տանիքի վերանորոգման հետ կապած ևս մի փոքր խնդիր կա… Ինչքան էլ աշխատակազմը նվիրյալ լինի, որքան էլ որ լավատես լինենք, միևնույնն է, քաղաքապետարանի ոչ մեծ հատկացումներով զգալի արդյունքներ չենք ունենա>>: Ալեքսանդր Կիրակոսյանը երկար է մտածել այս հարցի շուրջ, փնտրել լուծման ուղիներ, թակել տարբեր դռներ, երբեմն մի փոքր օգնել են…Դրանից էլ է գոհ, բայց ավելին ունենալու համար ակնկալում է միասնական աշխատանք:
«Ես Գերմանիայից մի քարտեզ էի բերել, որի վրա գրված էր.«Առանց աշխարհի մի կեսի օգնության, մյուս կեսը չի կարող գոյատևել>>,նույնիսկ մեծ ֆինանսների տիրապետելուց էլ, մարդ օգնության կարիք ունի: Մենք սիրով սպասում ենք այն մարդկանց , ովքեր կկարևորեն սպորտդպրոցների դերն ու նշանակությունը, իրենց լուման կներդնեն դպրոցի շինաշխատանքների գործում, դա կլինի շինանյութի, ֆինանսական թե աշխատուժի տեսքով: Կոչ ենք անում այն մարդկանց, ովքեր կարող են ձեռք մեկնել, ունեն ավելացած շինանյութ, չօգտագոծվող ջեռուցման կաթսա կամ այլ պարագաներ՝ նվիրաբերեն դպրոցին, իմացեք, որ դա դպրոցի համար զգալի օգուտ կլինի: Կարևոր չէ, որ մարդիկ մեծ գումարներ նվիրաբերեն, կարող են անգամ ազատ ժամանակ թեկուզ մեկ-երկու ժամով միանալ մեր շինաշխատանքներին»: Գյումրեցիների մարզական բարձր նշաձողը ստիպել է մեզ բոլորիս հպարտանալ բազում անգամներ, եթե գյումրեցի ես, պարտադիր պետք է մեդալ բերես, այլ ելք չկա:Համալիր մարզադպրոցն էլ այդ հարցում իր ներդրումն ունի. Մի քանի տարի առաջ Գերմանիայում անցկացված Եվրոպայի կյոկուշինկայ կարատեի բաց առաջնությունը, որին մասնակցել են ոչ միայն հին աշխարհամասի երկրները, այլև մարզիկներ Քուվեյթից, Կանադայից և Վենեսուելայից, Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է 3 գյումրեցի մարզիկով: Վետերանների բացարձակ չեմպիոն է դարձել համալիր մարզադպրոցի փոխտնօրեն Արտաշես Պապոյանը:
«Նույն մարզաձևում ունենք նաև աշխարհի, Եվրոպայի չեմպիրոն՝ Էդիկ սարգսյանը, ով այժմ ֆեդերացիայի նախագահն է ու մեր գործող սանը,-հաջողությունների շարքը շարունակում է թվարկել տնօրենը,- Սանդա-ուշու մարզաձևում ունենք և պատանիների և մեծահասակների Եվրոպայի արծաթե մեդալակիրներ: Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցում են մեր երկու պատանի սաները: Մեր թենիսի խումբը մի քանի անգամ եղել է Հայաստանի չեմպիոն, ձեռքի գնդակ մարզաձևում ևս ունենք մեդալներ, իսկ մականախաղի աղջիկների թիմը մարզում միակն է, որը նույնպես հաջողություններ ունի, ի դեպ օգոստոսին մասնակցելու են միջազգային մրցաշարի: Նշենք, որ շուրջ 150 սան է մարզվում համալիր մանկապատանեկան մարզադպրոցում,եթե հաշվի առնենք դպրոցի պայմանները, ծայրամասային լինելն ու բնակչության արտահոսքը թաղամասից, սաների թիվը բավականին խոստումնալից է: