Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը լքում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը: «Արքայական» ակումբի պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկը բացատրել է, թե ինչու է նման որոշում կայացրել:
«Սա կարող է լինել «առայժմ», Մադրիդը ինձ տվել է ամեն ինչ: Ես մոտ կլինեմ այս ակումբին իմ ամբողջ կյանքի ընթացքում: Միգուցե այս որոշումը որոշների համար տարօրինակ է, բայց այն նորմալ է ինձ համար:
Ժամանակն է եկել փոփոխություն կատարելու: Կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է բոլորի համար: Պետք է շնորհակալություն հայտնեմ երկրպագուներին իրենց աջակցության և սիրո համար: Մենք բարդ ժամանակներ ենք ունեցել մրցաշրջանի ընթացքում, երբ դու լավագույն խաղը չես ցուցադրում, երկրպագուները քո շարժիչ ուժն են դառնում և ավելի լավը դարձնում քեզ:
Կարծում եմ, որ ֆուտբոլիստներն էլ փոփոխությունների կարիք ունեն, բայց ես նրանց պետք է շնորհակալություն հայտնեմ, քանի որ նրանք էին, որ պայքարում էին, և այս ակումբում բոլորը մեծ սպասելիքներ ունեն քեզանից:
Մենք միշտ ցանկանում ենք ավելի ու ավելի նվաճել, ես ավելին չէի կարող խնդրել իմ ֆուտբոլիստներից, բայց հիմա ժամանակն է եկել, որ նրանք ուրիշի ձայնը լսեն հանդերձարանում: Սա այնքան էլ հեշտ որոշում չէ: Կարծում եմ, որ ավելի դժվար կլինի հաղթելը, եթե ես որոշեմ մնալ»,-ասել է Զիդանը: