Բեռլինաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելեանը հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայանա մենահամերգով, որը նվիրում է Էրեբունի-Երևանի 2800-ամյա տարեդարձին։ Նա կներեկայացնի Կոմիտասի, Ռոբերտ Շումանի և իր հեղինակային ստեղծագործություններից:
Կոմպոզիտոր Մասիս Առաքելեանը տաղանդավոր և անվանի մեր հայրենակիցն է, որի ստեղծագործական և համերգային գործունեությունն ուղղված է հատկապես հայ երաժշտության ճանաչմանն ու տարածմանն աշխարհում։ Նա համերգներով հանդես է գալիս աշխարհի ամենատարբեր երկրներում: Առաքելեանը մշակում է հին և ժամանակակից հայկական լիրիկական ստեղծագործություններ՝ դասական երգեցողությամբ նոր հնչողություն տալով նրանց։
Արվեստագետի առավել սիրված և հայտնի ծրագրերից «Կռունկ»-ը երաժշտական մի ճամփորդություն է, որտեղ հարյուրավոր տարիներ արևելքի և արևմուտքի մշակույթներն իրենց ճոխությամբ ու շնորհով հարստացնում են միմյանց։ «Կռունկ»-ը պատմում է տարբեր մշակույթների մեջ անտուն ճամփորդի փնտրտուքների մասին: «Կռունկ»-ը հասնում Է մեր ակունքների խորքը՝ գտնելու լույսը: Մասիս Առաքելեանը երևան է բերում Կոմիտասի բազմաթիվ երգերի թաքնված մոգական գաղտնիքները, նորովի Է բացահայտում Սայաթ-Նովայի երաժշտությունը և այլն։ Նա կազմել և ներկայացնում է իր սեփական պոեզիան, կոմպոզիցիաներն ու նոր գեղարվեստական մշակումները վերջին երեք հարյուր տարվա հայկական երգարվեստից։
Հետաքրքրական է, որ Հնդկաստանում տեղի ունեցած նրա մենահամերգին, որի ընթացքում երգել է միայն հայերենով, ներկա են եղել ավելի քան 150 ազգերի ներկայացուցիչներ։ Հանդիսատեսից բազմաթիվ մարդիկ կիսելով իրենց տպավորությունները ոգևորությամբ նշել են. «Կարևոր չէր, որ բառերը չհասկացանք։ Երաժշտությունն այնքան ազդեցիկ է, որ ուղղակիորեն մտնում է մարդու սիրտը»։
Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահանում (Իրան)՝ հայկական ընտանիքում։ Նա տասնմեկ տարեկանում սկսել է իր եկեղեցական երգեցողության կրթությունը հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ՝ որպես մենակատար։ Տասներեք տարեկանում արդեն Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ Մասնագիտական կրթություն է ստացել նաև Գերմանիայում՝ որպես դասական տենոր և կոմպոզիտոր։ Ապրում և ստեղծագործում է Բեռլինում։
Մասիս Առաքելեան կոմպոզիտորը երգեր է սկսել գրել դեռ քսան տարեկանից: Նա մշակում է նաև հին և ժամանակակից հայկական, պարսկական և այլ լիրիկական ստեղծագործություններ: Ունի բազմաթիվ նոր գործեր, որոնք դեռ չի ներկայացրել հանդիսատեսին:
Արվեստագետը ստեղծել և ղեկավարել է Բեռլինի հայկական համայնքի երգչախումբն ու նվագախումբը։ Ինչպես նաև սիրված «Մագումա» ջազ խմբի հիմնադիրներից է: Մասիս Առաքելեանն ընթացիկ տարվա սկզբին հիմնադրել և ղեկավարում է Բեռլինի նորաստեղծ հայկական կիրակնօրյա «Գիտելիք» դպրոցի մանկական երգչախումբը։ Ներկայումս շրջագայում է համերգներով՝ իր «Կռունկ» և «Երկխոսություն» ծրագրերով։
Նրա «Կռունկ» ձայնասկավառակում տեղ գտած մի շարք Կոմիտասի, Սայաթ — Նովայի, Գրիգոր Թալյանի, Ազնավուրի և իր սեփական աշխատանքներն իր իսկ կատարմամբ բոլորովին նոր մոտեցում ու հմայք են տալիս սիրված և ճանաչված ստեղծագործություններին՝ մնալով երաժշտական բարձր մակարդակի վրա։
Public.am