Մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալել էր ԶԼՄ ներկայացուցիչներին և նրանց երեխաներին. լուսանկարներ/ տեսանյութ

Մայիսի 19-ին «Փլեյ Սիթի»-ում գտնվող «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին, որտեղ նրանք անցկացրեցին հետաքրքիր և զվարճալի օր: Միջոցառման ընթացքում ԶԼՄ-ի ներկայացուցիչները և իրենց երեխաները շրջեցին մասնագիտությունների քաղաքով: Որից հետո երեխաները հնարավորություն ունեցան դերային խաղերի միջոցով մասնագիտությունների տաղավարներում կերպարանափոխվել և բացահայտել ամենահետաքրքիր մասնագիտությունների գաղտնիքները, ձեռք բերել օգտակար հմտություններ, նոր գիտելիքներ, որոնք հաջողությամբ կարող են օգտագործել առօրյա կյանքում:

Հյուրերին ներկայացնելով  «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի կոնցեպտը՝  նախագծի ղեկավար Արեն Ապիկյանն ասաց. «Մեր նախագծի հիմքում edutament կոնցեպտն է, այսինքն «educational entertainment»-ը, որը նոր չէ և շատ ընդունված է ամբողջ աշխարհում: Նմանատիպ ամենամեծ կենտրոնը՝ Քիդզանիան հիմնվել է 20 տարի առաջ Մեքսիկայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Կա Մոսկվայում, Դուբայում, որոնք մեգապոսլիսներ են: Մենք ստեղծեցինք մեր քաղաքի մասշտաբներին համապատասխան կենտրոն, որի աշխատանքները, սկսած գաղափարի մշակումից, ճարտարապետությունից, օպերացիոն ամբողջ մոդելից  տևեցին 2 տարի»:

Արեն Ապիկյանը նշեց, որ համագործակցում են հիմնադրամների հետ և իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց միջոցով  հնարվորություն են տալիս խոցելի խմբերի՝ անապահով, սահմանափակ կարողություններով  երեխաների այցելել մասնագիտությունների քաղաք:

Մենք ամեն ամիս մոտավորպես 150 երեխայի անվճար հյուրընկալում ենք մեզ մոտ:           Այժմ  նոր ծրագիր ենք պատրաստվում իրականացնել, որը  կսկսենք մյուս ուսումնական տարվանից՝ սեպտեմբերից:  Աշխատելու ենք դպրոցների հետ, մարզպետարանների, քաղաքապետարանների միջոցով, որպեսզի ամեն դպրոցից՝ հատկապես գյուղական համայնքների, անպայման 7-10 տարեկան երեխաները  գոնե  1 անգամ հնարավորություն ունենան այցելելու «Սիթիզեն»», -հավելեց   «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի ղեկավար Արեն Ապիկյանը:

Խոսելով նախագծի առանձնահատկությունների մասին՝ «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի տնօրեն Նատելլա Ղազարյանն ասաց.

«Նախագիծը ստեղծելիս մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ընտրել լավագույն տարբերակն ու այն տեղայնացրել: «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը   տարածաշրջանում առաջինն ու դեռևս միակն է իր տեսակի մեջ: Այն իրական քաղաքի մոդել է, որն ունի հրապարակ, փողոցներ, շենքեր, հաստատություններ և բոլոր քաղաքներին բնորոշ այլ ենթակառուցվածքներ՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն, բանկ, սրճարան, հիվանդանոց և այլն: «Սիթիզենը»  նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար:  Մանկական քաղաքն ունի իր կանոնակարգը, որը պարտադիր է այցելուների համար։ Այն հարմարեցված է շարժողական խնդիրներ ունեցող այցելուների ազատ տեղաշարժման համար։ Այստեղ կան թեքահարթակներ, հատկացված ավտոկայանատեղի, վերելակ ու սանհանգույցներ։»:

 

Public.am

Comments (0)
Add Comment