Օրական 350 գրամ յուղազրկված յոգուրտը (առանց հավելանյութերի, շաքարի ու բուրավետ նյութերի) կարող է ամբողջ օրգանիզմում կանգնեցնել բորբոքային պրոցեսները ու կրճատել արթրիտի ու հիպերտոնիայի զարգացման հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել University of Wisconsin-Madison համալսարանի գիտնականները։
Բորբոքումը օգտակար պրոցես է, որի օգնությամբ իմունիտետը հաղթահարում է ինֆեկցիան։ Բայց որոշ դեպքերում բորբոքումը քրոնիկ ձեւ է ստանում, ինչը կարող է լուրջ վնաս պատճառել օրգանիզմին ու վերածվել որոշ հիվանդությունների, օրինակ արթրիտի։
Հետազոտությանը մասնակցել է ճարպակալումից տառապող ու նորմալ քաշ ունեցող 120 կին ։ Մասնակիցների կեսն ամեն օր ուտում էր հասարակ յուղազրկված յոգուրտ, իսկ հսկիչ խումբն ուտում էր պուդինգ, որը կաթ չէր պարունակում։ Հետազոտությունը 9 շաբաթ է տեւել։
Պարզվել է, որ յոգուրտը ընդհանուր հակաբորբոքային էֆեկտ ունի։ Բացի դրանից, այն դրական է ազդել մասնակիցների սրտանոթային համակարգի առողջության վրա ու նպաստել է աղիների միկրոֆլորայի հավասարակշռության պահպանմանը։
Մասնագետները խորհուրդ են տալիս ֆերմենտավորված կաթնամթերքը ներառել քրոնիկ բորբոքում ունեցող հիվանդների սննդակարգում:
Public.am