Հոբելյանական «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը կեզրափակվի գեղեցիկ գալա-համերգով

10-րդ հոբելյանական «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը մայիսի 30-ին կեզրափակվի գեղեցիկ գալա-համերգով: Արդեն մեկ տասնամյակ Գյումրիի յուրատեսակ խորհրդանիշը դարձած այս մշակութային տոնի նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր ստեղծագործական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին:

Մրցույթ-փառատոնն իր առջև կարևոր նպատակ է դրել. պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀ վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը փաստում է՝ դեռ 2007-ին մեկնարկած մրցույթ-փառատոնը սկզբում հանրապետական նշանակության միջոցառում էր, սակայն ընդամենը մեկ տարի անց այն դարձավ միջազգային:

«Երբ նոր էինք սկսում փառատոնը, 400 մասնակից ունեինք, հիմա մասնակիցների թվը հասնում է 3000-ի: Սկզբում ընդամենը 3-4 երկիր է մասնակցել, իսկ հիմա մեր միջոցառման մաս է կազմում 34-35 երկիր: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Սան Ռեմո-ջունիոր» փառատոնին, ինչը «Վերածնունդ»-ի հաջողություններից է: Իտալացիները, տեսնելով մեր փառատոնի հզորությունը, կնքեցին պայմանագիր, որպեսզի մենք կարողանանք մասնակցել այդ ստուգատեսին»,-նշում է Կարինե Ավդալյանը:

Նրա խոսքով՝ մրցույթ-փառատոնի ամենամեծ նվաճումներից է այն, որ մասնակիցներից ձևավորվում են խմբեր, և այդ խմբերին ուղարկում են տարբեր երկրներ: Այս տարի հունիսին Հայաստանից Մեծ Բրիտանիա և Իտալիա երաժշտական խմբեր են ուղևորվելու՝ ներկայացնելու հայ մշակույթը: Ամռան ընթացքում երիտասարդների համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:

Նշենք, որ «Վերածնունդ» -ի մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր , երգչախմբեր, պարարվեստ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ: Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV և V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:

«Այս տարի առաջին անգամ կերպարվեստի մրցույթ անցկացրինք: Եվ, ի զարմանս մեզ, 184 երեխա մասնակցեց: Իրենց ստեղծագործությունները մասնակիցները նվիրեցին Երկրաշարժի 30-ամյակին: Այժմ այս նկարներով կատալոգ է տպվում»,-նշում է Կարինե Ավդալյանը:

Փառատոնի շրջանակներում անցկացվել է «Մշակույթների երկխոսություն» միջազգային 12-րդ գիտաժողովը, նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10-ամյակներին: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչն առանձնահատուկ շեշտում է, որ մշակութային իրադարձության ամենամեծ մեխը վարպետության դասերն են:

«Մենք ունենք շատ լավ ժյուրիի անդամներ, ովքեր հանդես են գալիս վարպետության դասերով: Վարպետության դասերն անցնում են ոչ միայն Գյումրիում, այլև Երևանում, մարզերում, Լեռնային Ղարաբաղում: Օրինակ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին 11 վարպետության դաս միայն Գյումրիում անցկացրեց»,-նշում է Կարինե Ավդալյանը՝ հավելելով, որ մրցույթ-փառատոնի կազմակերպիչնրը կապի մեջ են բոլոր հեղինակավոր կոնսերվատորիաների հետ՝ ի շահ մեր պետության և Գյումրիի: Չէ՞ որ մրցույթ-փառատոնի նպատակներից է նաև ճանաչելի դարձնել մեր երկիրը:

Ըստ կազմակերպչի՝ այս առումով բոլոր հյուրերն, ովքեր մեկ անգամ այցելել են մեր երկիր, մեկընդմիշտ կապվում են Հայաստանի հետ, անհամբեր սպասում իրենց հաջորդ այցին:

«Այս պահին պատրաստվում ենք երեք կարևոր իրադարձության: Մայիսի 25-ին տեղի է ունենալու Էստրադային անվանակարգի մասնակիցների համերգը, իսկ մայիսի 27-ին ժողգործիքների անսամբլների ելույթը: Իսկ ամփոփիչ գալա համերգը տեղի կունենա մայիսի 30-ին Գյումրիի կոնսերվատորիայում: Շատ մեծ աշխատանք է կատարվել, բոլոր երկրների մրցանակակիրները վերադառնալու են Գյումրի, որպեսզի նվագեն գալա համերգին»,-նշում է Կարինե Ավդալյանը՝ առանձնահատուկ հավելելով, որ փառատոնն անցկացվում է ամբողջ տարվա ընթացքում, քանի որ տարվա ընթացքում էլ տեղի են ունենում բազմաթիվ համերգներ:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները այս տարվա ընթացքում էլ համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Նշենք, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին:

Public.am

Comments (0)
Add Comment