Երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների բարձրացումը որևէ բեռ չի ավելացնի քաղաքացիների վրա
Երևանի ավագանին այսօր հաստատել է նաև Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները:
Անդրադառնալով որոշման նախագծին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ այս փոփոխության նպատակը երաժշտական դպրոցներում դասաժամերն ավելացնելն է, որն էլ կբարձրացնի ուսուցման որակը, ինչպես նաև ուսուցիչների աշխատավարձերը։
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մատուցվող ծառայությունների վճարների բարձրացումն, ի դեպ, որևէ բեռ չի ավելացնի քաղաքացիների վրա, այն կփոխհատուցվի Երևան համայնքի միջոցներով: Նշվել է նաև, որ տեղական վճարի արժեհաշվարկի հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանը:
Օրակարգի մեկ այլ հարցով Երևանի ավագանին հավանություն է տվել նաև 2019 թվականին տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Երևանի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը 2019թ. ծրագրերի, բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, ինչպես նաև արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման: