Հենրիխ Մխիթարյան․ Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի

0

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի մրցակիցները B լիգայի առաջին խմբում կլինեն Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի հավաքականները։

«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին:

Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք  պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը։

Ազգերի լիգա, խմբային փուլ, B լիգա, առաջին խումբ

Հունիսի 4․ Շոտլանդիա — Հայաստան

Հունիսի 7․ Հայաստան — Իռլանդիա

Հունիսի 11․ Ուկրաինա — Հայաստան

Հունիսի 14․ Հայաստան — Շոտլանդիա

Սեպտեմբերի 23․ Հայաստան — Ուկրաինա

Սեպտեմբերի 26․ Իռլանդիա — Հայաստան

B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։

Leave A Reply

Your email address will not be published.