Որքանո՞վ են բուստերային ներարկումներն արդյունավետ օմիկրոն շտամի դեմ
Բուստերային ներարկումները կարող են 75 տոկոսով բարձրացնել պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պայքարում։
Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, նոր հետազոտությանը մասնակցել է օմիկրոն շտամով վարակված 581 մարդ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ AstraZeneca-ի եւ Pfizer-BioNTech-ի երկու ստանդարտ ներարկումները ապահովում են օմիկրոն շտամից պաշտպանության անհամեմատ ավելի ցածր մակարդակ, քան դելտա շտամի դեպքում։ Երրորդ չափաբաժնի ներարկմամբ դեղամիջոցների արդյունավետությունը բարձրանում է մինչեւ 70-75 տոկոս։
Գործակալության իմունացման բաժանմունքի ղեկավար Մերի Ռեմսեյը հայտարարել է, որ դրանք նախնական գնահատականներ են, եւ դրանց պետք է զգույշ վերաբերվել։ Սակայն մասնագետը ենթադրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ ներարկումից մի քանի ամիս անց առաջ է գալիս օմիկրոն շտամով վարակվելու ավելի մեծ վտանգ, քան դելտա շտամով։
Այսօր առկա տվյալներով՝ օմիկրոնը 2 անգամ ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն, քան դելտան, իսկ նրանք, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, ավելի շատ են ենթակա օմիկրոն շտամով, քան դելտա շտամով վարակվելուն։