Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ է արտադրվելու եւ արտահանվելու այլ երկրներ
Հայաստանում արտադրվելու է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը նաեւ արտահանվելու է այլ երկրներ: Ռուսաստանի Գամալեյի անվան Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակված եւ մեկ բաղադրիչից բաղկացած այս պատվաստանյութը արտադրվելու է Liquor Pharmaceuticals դեղագործական ընկերության կողմից:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը, նախատեսվում է Հայաստանում ոչ թե պատվաստանյութի «շշալցում» իրականացնել, այլ լիարժեք արտադրություն. Ռուստաստանից ստացվող սուբստրատը վերամշակվելու է, առաջնային եւ երկրորդային փաթեթավորում ստանալու եւ սառնարանային պայմաններում պահպանվելու է:
Այս պատվաստանյութի արտադրությունը հնարավոր եղավ իրագործել էկոնոմիկայի նախարարության, առողջապահության նախարարության եւ ռուսական ուղղակի ներդրումների սուվերեն ֆոնդի հետ համագործակության շնորհիվ:
«Սա կարեւոր հաջողություն էր թե մեր ընկերության համար, թե մեր երկրի համար», — ասաց Սերգեյ Մաթևոսյանը:
Նրա խոսքով, «Լիկվոր»-ը գործում է արդեն 30 տարի եւ ունի 3 GMP սերտիֆիկատ՝ ազգային, ԵվրԱզեսի եւ «Պիկես» միջազգային սերտիֆիկատ, ինչը թույլ է տալիս արտադրանքի 70 տոկոսը արտահանել Եվրազիայի, Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի երկրներ:
Ինչպես նշեց Մաթևոսյանը, կազմակերպությունը կարող է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի այս պատվաստանյութի մեկ տարվա պահանջարկը ապահովել: Սակայն աշխատանքը հիմնականում միտված է լինելու արտահանմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր հերթին նշեց, որ այս պահի դրությամբ, մի շարք երկրների հետ բանակցություններ են գնում, սակայն արտահանման պայմանագրեր դեռ չկան:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պետությունը գնելու է Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը նույնպես, ինչպես գնում է բոլոր այլ պատվաստանյութերը, եւ դրանք քաղաքացիներին անվճար են տրամադրվելու: Այս պահի դրությամբ, «Սպուտնիկ Լայթ»-ը նախատեսվում է որպես խթանիչ պատվաստանյութ ներարկել՝ երկու դեղաչափ այլ պատվաստանյութ ստանալուց 6 ամիս անց: