Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը
Այսօր կյանքից հեռացել է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Գագիկ Հարությունյանը։
Գագիկ Հարությունյանն առանցքային դեր է ունեցել խորհրդահայ մշակույթում` որպես գեղարվեստական լուսանկարչության զարթոնքի առաջամարտիկ։
Իր գործունեությունը սկսելով 1960-ականների վերջին, Հարությունյանը կարճ ժամանակում դարձել է հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը՝ թղթակցելով տեղական բոլոր պարբերականներին։
1970-ականներից աշխատակցելով «Գարուն» ամսագրին, Հարությունյանը ձևավորում է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձեւաչափ, որում լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց։
Իրենց պատմական եւ գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են նաեւ Եվրոպայում եւ Աֆրիկայում արված Հարությունյանի մեծածավալ շարքերը, ինչպես նաեւ Արցախյան առաջին պատերազմը բյուրեղացնող նրա «Ղարաբաղ» պատկերաշարը։
Երկարատեւ ստեղծագործական դադարից հետո, Հարությունյանը վերադառնում է հանրային տեսադաշտ 2017 թվականին «Ժամանակի ստվերները» հետահայաց ցուցահանդեսով եւ պատկերագրքով, որոնք դառնում են այդ տարիների ամենանշանակալի երևույթները հայ լուսանկարչության ասպարեզում։