Չավի․ Ռեւանշի հասնելու եւ փլեյ-օֆֆ դուրս գալու հրաշալի հնարավորություն է
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին խոսել է սպասելիքների մասին «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի տնային հանդիպումից, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին։
«Բարդ կլինի, «Բենֆիկան» մեծ փորձով եւ ֆիզիկապես ամուր թիմ է։ Չեմպիոնների լիգայում ռիթմը այլ է, բայց մենք պատրաստ ենք պայքարին։ Եթե հաղթենք, դուրս կգանք փլեյ-օֆֆ։ Հիմա «Բարսելոնայի» ուժերը գերագնահատելու ժամանակը չէ, բայց պետք է լավատես լինել։ Թիմը պետք է խաղա համարձակ, նետվի գրոհի եւ ձգտի հաղթանակի։ Փաստն այն է, որ նախորդ խաղում «Բենֆիկային» պարտվել ենք 0։3 հաշվով։
Ոչ մի լրացուցիչ ճնշում չեմ զգում։ Ռեւանշի հասնելու եւ փլեյ-օֆֆ դուրս գալու հրաշալի հնարավորություն է։ Ես հավանում եմ այսպիսի մարտահրավերը։
«Բենֆիկան» հրաշալի թիմ է, ես շատ եմ հարգում Ժորժե Ժեզուշին։ Մենք կձգտենք թելադրել մեր խաղը, բայց բարդ կլինի»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։
E խմբում «Բարսելոնան» 6 միավորով երկրորդն է, «Բենֆիկան» հետ է 2 միավոր։ Առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը 12 միավորով ապահովել է Մյունխենի «Բավարիան»։
«Բարսելոնա» — «Բենֆիկա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։