Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ. Գարո Փայլան
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ժողովուրդը նախ փողոցային անհնազանդությամբ, իսկ երեկ արդեն ընտրատեղամասերում հեռացրեց նրանց, ում մասին ասում էին՝ չեն գնա: Ավտորիտար այս աշխարհում շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին և նրա ընկերներին այս հիանալի հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է Փայլանի գրառման մեջ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բացված բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,70 տոկոս կամ 59059 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8530 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48811 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,43 տոկոս կամ 884456 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80024 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,51 տոկոս կամ 6456 ձայն, «Մենք» դաշինքը` 2,00 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12389 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22862 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103824 ձայն: