Ադրբեջանի նախագահը դժգոհում է սահմանազատման հարցում Հայաստանի արձագանքի բացակայությունից
Ադրբեջանի նախագահը դժգոհում է սահմանների սահմանազատման հարցում Հայաստանի արձագանքի բացակայությունից։ Իլհամ Ալիեւն իր դժգոհությունն է հայտնել «Աշխարհը COVID-19-ից հետո» Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
«Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Մենք ուզում ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Մենք առաջարկել ենք սկսել սահմանների սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Բայց, ցավոք, պատասխան չի ստացվել»,- ասել է Ալիեւը։ Նրա խոսքով` Ադրբեջանն առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում. «Մենք պետք է նայենք ապագային։ Մենք ցանկանում ենք մեր ապագան տեսնել անվտանգ, կանխատեսելի եւ լայնածավալ համագործակցությանը պատրաստ»,- ընդգծել է Ալիեւը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է Երեւանի դիրքորոշումից։ «Մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել եւ խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Մենք ցանկանում ենք շրջել այս էջը եւ որոշել սահմանները: Բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա, նրանք լռում են»,- ասել է Ալիեւը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, գործելով «կառուցողական մոտեցման» ոգով, մայիսի 12-ին մի քանի ուղղությամբ ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք եւ հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը։ Միաժամանակ, մուտք ստանալով Գորիս-Կապան ճանապարհի հատվածին, ադրբեջանական զինուժը պարբերաբար սադրանքներ է ձեռնարկում։ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչությունն անմիջական սպառնալիքի տակ է: