Ջիվան Գասպարյան. «90 տարիների երկար ու ձիգ ճանապարհ»
Երկար տարիների բեմական փորձ՝ լի հետաքրքիր, պատկերավոր, անմոռանալի, ուրախ, երբեմն էլ՝ հուզիչ ու դժվար պահերով: 90 տարիների երկար ու ձիգ ճանապարհ՝ մի ամբողջ կյանք… Բեմում Ջիվան Գասպարյանի կյանքի պատմությունն է: Լեգենդար դուդուկահարն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ մշակույթի նախարարոթյան նախաձեռնությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նշեց իր 90-ամյա հոբելյանը՝ կյանքի ու ստեղծագործական գործունեության ճանապարհը:
Համերգի ընթացքում մաեստրոյին բեմում ընկերակցեցին մի շարք հայտնի երգիչներ եւ երաժիշտներ՝ Հասմիկ Պապյանը, Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը, Գեւորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, ելույթ ունեցավ նաեւ Ջիվան Գասպարյան կրտսերը:
Դուդուկի վարպետի ցանկությունն էր՝ 90-ամյակին բեմում պետք է լինեն միայն հայ երաժիշտներ;
«80-ամյակիս դրսից շատ երաժիշտներ ու հյուրեր եկան, իսկ հիմա ցանկանում եմ հենց ներսում՝ հայկական ձեւով անենք: Բայց սա սովորական համերգ չէ, սա իմ երեկոն է: Իմ կյանքը սա է եղել. Ես ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել բացի երաժշտությունից»,-NEWS.am STYLE-ի հետ նախնական զրույցի ընթացքում նշել էր Ջիվան Գասպարյանը:
Համերգի ընթացքում եղան նաեւ անակնկալներ եւ նոր պարգեւներ: Մեր անզուգական դուդուկի հնչյունները աշխարհին լավագույնս մատուցելու եւ ճանաչելի դարձնելու համար վաստակավոր դուդուկահարը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից պարգեւատրվեց Կոմիտաս հուշամեդալով, ինչպես նաեւ՝ կոնսերվատորիայի գիտական խորհուրդի որոշմամբ եւ ռեկտերի հաստատումով՝ դուդուկի վարպետին շնորհիվեց Երեւանի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Չնայած տարիների փորձին, պարգեւներին ու անսահման պրոֆեսիոնալիզմին՝ մաեստրոյի հուզմունքը նույնն է մնացել, տարիները չեն կարողացել ազդել նրա զգացողությունների ու պատասխանատվության զգացումի վրա: Ասում է՝ անզգա լինելը, նույնիսկ, վիրավորական է, սակայն նաեւ հավելում՝ այդ էմոցիաները պետք է զգաս, բայց զսպես ինքդ քո ներսում, որպեսզի մյուսներին անհանգստություն չպատճառես:
Դուդուկի վարպետը հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը շատ էր սպասում, կարոտել էր…Նրանց ներկայացրեց իր ստեղծագործական ուղու ամենահետաքրքիր դրվագները, սակայն ինչպես ինքն է խոստովանել՝ իր ստեղծագործություններից որեւիցե մեկն առանձնացնելը դժվար է. չէ՞որ միայն իր սրտին մոտ երաժշտություն է նվագել ու շարունակում նվագել:
NEWS.am STYLE-ը ներկա է եղել դուդուկի վարպետի հոբելյանական համերգին եւ ֆիքսել հետաքրքիր դրվագները:
Աղբյուրը ՝ News.am LIFE