ՀՀ ՄՊՀ անդամը մասնակցել է Եվրասիական հակամենաշնորհային համաժողովին

0

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հոկտեմբերի 7-ին առցանց ձևաչափով  մասնակցել է  Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական հակամենաշնորհային 7-րդ համաժողովին:

«Համաժողովի շրջանակում քննարկումներ են ծավալվել  մրցակցության ոլորտի մի շարք արդիական խնդիրների շուրջ: Մասնավորապես, մասնակիցները կարծիքներ են փոխանակել և զեկույցներ են ներկայացրել մրցակցության պաշտպանության ապահովման ժամանակակից միտումներին, ԵԱՏՄ-ում մրցակցային/հակամենաշնորհային իրավակիրառ պրակտիկային, մրցակցային օրենսդրության խախտումների կանխարգելման միջոցներին վերաբերող և այլ հարցերի շուրջ»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում են ՄՊՀ-ից:

Շուշան Սարգսյանն իր զեկույցում խոսել է մրցակցության օրենսդրության խախտումների կանխարգելման գործում Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերի մասին: Նրա խոսքով՝ թեպետ պատմականորեն մրցակցային մարմիններն առավելապես ընկալվում են որպես վերահսկողական և պատժիչ գործառույթներ իրականացվող կառույցներ, այժմ ամբողջ աշխարհում կանխարգելումը և վերահսկողությունը փաստացի հավասար նժարների վրա են գտնվում՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու տնտեսական զարգացման միտումները:

Նա անդրադարձել է ՄՊՀ-ի հիմնական կանխարգելիչ լիազորություններին և գործիքակազմին, որոնք էապես ընդլայնվել են մրցակցության պաշտպանության մասին օրենքի նոր խմբագրությամբ: Մասնավորապես, նշվել է եզրակացությունների, պաշտոնական պարզաբանումների տրամադրման, խորհրդատվական ուղեցույցների մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, ոլորտային ուսումնասիրությունների իրականացման և համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության մասին, ինչպես նաև ընդգծվել է  հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը որպես կանխարգելիչ լիազորությունների արդյունավետ իրականացման կարևոր նախադրյալ:

Leave A Reply

Your email address will not be published.