Աչքերի ի՞նչ հիվանդությունների կարող է հանգեցնել կորոնավիրուսը

0

որոնավիրուսը ախտահարում է մի շարք օրգաններ եւ համակարգեր. Ամենից հաճախ վիրուսից տուժում են շնչառական համակարգը եւ սիրտը, սակայն տեսողական օրգանը նույնպես զերծ չի մնում խնդիրներից:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանի խոսքով, վերջին ամիսներին նկատելիորեն աճել է կոնյուկտիվիտներով դիմող պացիենտների թիվը: Սակայն կոնյուկտիվիտը ամենամեղմ ախտահարումն է, որը հաճախ նույնիսկ առանց հատուկ բուժման կարող է ինքնուրույն անցնել 7-10 օրում:

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով լինում են նաեւ աչքի խոռոչում շատ ավելի լուրջ բորբոքումներ ՝ ուվեիտներ, ինչպես նաեւ ակնահատակում թրոմբոզներ: Ավելին, լինում նույնիսկ կուրության դեպքեր, երբ խցանվում են աչքը սնուցող կարեւոր անոթներ, եւ դրանց սնուցումը վերականգնել հնարավոր չի լինում:

«Այս ամիս մեր աշխատանքը ԱՄՆ-ում արժանացավ տպագրության ամենահայտնի ամսագրերից մեկում՝ Cataract & Refractive Surgery Today, որտեղ մենք աշխարհում առաջինը ներկայացրեցինք ուվեիտների ամենամեծաքանակ թվով հիվանդների դեպքեր: Այն մարդիկ, որոնք մեզ դիմել էին աչքի խոռոչի, անոթաթաղանթի բորբոքումներով, որոնց մենք բուժել ենք, մենք այդ դեպքերը ներկայացրեցինք աշխարհին», — պատմեց մասնագետը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Աննա Հովակիմյանի խոսքով, նաեւ աճել է ուշացած դեպքերի թիվը. շատերը, նույնիսկ տեսողության հետ խնդիրներ ունենալով, շարունակում էին մնալ տանը, իսկ բժիշկի դիմում էին բավական ուշ, երբ իրենց խնդիրը խորանում էր, իսկ դրա լուծումը եւ բուժումը՝ բարդանում:

Մասնագետի խոսքով՝ պանդեմիայի պայմաններում պետք է հատկապես զգոն լինել, քանի որ աչքերի ախտահարումները իրոք լուրջ խնդիր են ներկայացնում:

Leave A Reply

Your email address will not be published.