Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է ոսկե մեդալի

0

Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը արժանացել է «Grand Prix Humanitaire De France» ոսկե մեդալի երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով:

Ռուբեն Էլբակյանը բարեգործական համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում, ինչպես նաև Հայաստանի ազգային օպերայում և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի համար:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ռուբենն աշակերտել է Գոհար Գասպարյանին և Տաթևիկ Սազանդարյանին: Ֆրանսիայում Ռուբեն Էլբակյանը շարունակեց երաժշտական ճանապարհը՝ հանդես գալով մենահամերգներով: Արտիստը երգել է Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոների պալատներում, ինչպես նաև Փարիզի Դեժասեթ թատրոնում։

Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին: Հայաստանյան բեմերում, հայ հանդիսատեսի առջև երգելը նրա համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Ռուբեն Էլբակյանը մտահոգ ու անհանգիստ է. նրան խիստ հուզում է Հայաստանի ապագան. «Այսօր ոչ մի հայրենասեր հայ չի կարող լիաթոք ուրախանալ սեփական հաջողությամբ, քանի դեռ մեր հայրենիքը կանգնած է լուրջ վտանգի ու փորձությունների առջեւ»։

Leave A Reply

Your email address will not be published.