ՄՕԿ-ի նախագահն արձագանքել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակին

0

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահն արձագանքել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակին եւ դատապարտել որեւէ այլ կառոււյցի միջամտություն՝ հայտարարելով, որ ընդունում է միայն մեկ ֆեդերացիա, որը ճանաչված է ԱԻԲԱ-ի կողմից:

Այս մասին ՀԲՖ արտահերթ համաժողովում հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Image result for artur gevorgyan

Նոյեմբերի 19-ին կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը՝ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ: Համաժողովի օրակարգում նոյեմբերի 2-5 Մոսկվայում կայացած ԱԻԲԱ-ի կոնգրեսի ընթացքում ընդունված փոփոխություններն էին, ՀԲՖ կանոնադրության համապատասխանեցումն ԱԻԲԱ-ի կանոնադրությանը եւ կարգապահական հարցերի քննարկում:

«Մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել բռնցքամարտում: Նախ փոխվել են քաշային կարգերը: 2019-ից տղամարդկանց համար գործելու է 8 քաշային կարգ՝ 52, 57, 63, 69, 75, 81, 91 եւ +91 կգ: Այս փոփոխությունները կարեւոր են: Հովհաննես Բաչկովի քաշային կարգում մրցակցությունն էլ ավելի է մեծանում, քանի որ աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները կենտրոնանում են մեկ քաշային կարգում: Աղջիկների քաշային կարգերն ավելացել են եւ կրկին փոփոխվել՝ 51, 57, 60, 69 եւ 75 կգ: Գենդերային խնդիրն է գլուխ բարձրացրել. կանանց հավաքականներում պարտադիր պետք է լինեն կին մարզիչներ, պատվիրակություններում պետք է լինի կին ներկայացուցիչ: Բժիշկների քանակն է ավելացել: Մրցաշարերում այսուհետեւ ռինգի մոտ պետք է լինի 5 բժիշկ:

Փոփոխություններ կան պրոֆեսիոնալ բռնցքամարտում: ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալ գիծն արդեն կրում է պարտադիր բնույթ: Պարտադիր կերպով գործելու է պրոֆեսիոնալ լիգաներում հանդես գալը: Մենք տարեսկզբից հնարավորություն ունեինք ընդգրկվել պրոֆեսիոնալ լիգայում: Մի քանի երկրներից հրավերներ ունեին մեր 4 պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, բայց մինչեւ նրանք որոշեին, թե որ երկրի պրոֆեսիոնալ լիգայում հանդես գալ, ժամանակն անցավ եւ կորցրեցին այդ հնարավորությունը: Հաջորդ տարի անձամբ եմ հետեւելու լիգաներում ընդգրկվելուն: Սա նույնն է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները հրավիրվում են հայտնի ակումբներ:

Վերադարձել է բողոքարկման հնարավորությունը: Յուրաքանչյուր մրցաշարում հնարավորություն կլինի երկու անգամ բողոքարկել, որն արժե 1000 դոլար: Եթե բողոքարկումը արդարացվում է, 500 դոլարը վերադաձնում են, եթե ոչ՝ ոչ մի գումար չի վերադարձվում: Սա մեզ համար լավ հնարավորություն է հետ բերել բազմաթիվ անարդար եւ վիճարկելի մենամարտեր: Այս կարգը կկիրառենք նաեւ Հայաստանում, բայց այդ գումարի չափը կփոխենք, քանի որ շատ է: Կքննարկենք եւ հարմար թիվ կընտրենք, որպեսզի Հայաստանում էլ մենամարտերը անարդար չդատեն»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահի փոխանցմամբ, ԱԻԲԱ-ն խիստ հետեւողական է, որ իր անդամ երկրները ենթարկվեն իր կանոններին, իսկ խախտողները պատժվեն եւ հեռացվեն ԱԻԲԱ-ի ընտանիքից:

«Վլադիմիր Ենգիբարյանի դպրոցի սաները՝ բացառությամբ մեկի, մասնակցեցին Հայաստանի առաջնությանը: Սա անընդունելի է եւ ԱԻԲԱ-ի կանոնների խախտում: Համաձայն ԱԻԲԱ-ի եւ ՀԲՖ կանոնադրության՝ այսուհետ այդ մարզադպրոցը չի հանդիսանում մեր ֆեդերացիայի անդամ: Այդ մարզադպրոցի սաները չեն տուժի եւ հնարավորություն կստանան մասնակցել ներքին առաջնություններին, միջազգային մրցաշարերին եւ Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Այդ մարզիկները հանդես կգան առանձին ֆեդերացիայի քվոտայով: Իսկ մարզադպրոցն այլեւս չի կարող հայտ ներկայացնել միջազգային մրցաշարերին եւ խոշոր առաջնություններին՝ ընդգրկվելու ազգային հավաքական:

ԱԻԲԱ-ն փոփոխություններ է մտցրել նաեւ ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրվելու կարգում: Թեկնածություն կարող է դնել նա, ով աշխատել է ֆեդերացիայի գործադիրում, ունի առնվազն 5 մարզադպրոցների համաձայնության ստորագրություն: Գործադիր մարմնի այն անդամը, որը կառաջադրվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եւ չի ընտրվի, այլեւս չի լինի ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ: Այս մոդելը կիրառվում է նրա համար, որ պարտվող թեկնածուն հաջորդ 5 տարիներին ինտրիգներ չստեղծի եւ չխախտի ֆեդերացիայի աշխատանքը: Այս կանոնակարգով անցավ ԱԻԲԱ-ի նոր նախագահի ընտրությունը»,- նշեց ՀԲՖ նախագահը:

Արթուր Գեւորգյանի փոխանցմամբ, ՄՕԿ-ն արձագանքել է հայկական բռնցքամարտում ստեղծված տարաձայնություններին:

«Մեզ պատասխանել է Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ հայտարարել, որ անվիճելի է համարում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրության արդյունքները եւ դատապարտում է որեւէ կառույցի միջամտությունը ֆեդերացիայի գործունեությանը: Միջազգային օլիմպիական կոմիտեն ընդունում է միայն մեկ ֆեդերացիա, որը ճանաչված է ԱԻԲԱ-ի կողմից: ՄՕԿ-ի նախագահը ճանաչում է մեր ֆեդերացիան եւ դրանով վերջ դնում ամեն տեսակ խոսակցություններին եւ տարաձայնություններին»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահը համաժողովի վերջում պարգեւատրեց 2018 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակիրներին եւ մարզիչներին: Պարգեւատրվեց նաեւ Հայաստանի առաջնությունը բոյկոտած Նարեկ Մանասյանն ու նրա մարզիչը, ովքեր համաժողովին ներկա չէին: Արթուր Գեւորգյանը հայտարարեց նաեւ, որ ֆեդերացիան նշանակել է պարգեւավճարներ օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնների համար: Օլիմպիական չեմպիոնը կստանա 40 հազար դոլար, աշխարհի չեմպիոնը՝ 30, իսկ Եվրոպայի չեմպիոնը՝ 8: Մարզիչները կստանան այդ գումարների 30 տոկոսը:

NEWS.am Sport Live. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը

Опубликовано NEWS.am Sport Понедельник, 19 ноября 2018 г.

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.