Մենք մեր տարածքները չենք զիջելու, գնալու ենք սահմանազատման. ՀՀ 29.8 հազար քմ տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու. Վահագն Խաչատրյան

0

Մենք մեր տարածքները չենք զիջելու, գնալու ենք սահմանազատման: ՀՀ 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինծառայողների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակմանը:

Խոսելով նախարարության գործունեությունից՝ Խաչատրյանը նշեց, որ ամենակարևոր խնդիրը, որ իրենց առջև դրված է, թվայնացման, կիբերանվտանգության խնդիրների լուծումն է, որտեղ նախարարությունը հիմնականում մեթոդաբանական աշխատանքներ է կատարում:

«Առանձնահատուկ խնդիրներ ունենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված: Վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ մենք պետք է զարկ տանք տեղական արտադրությանը հատկապես ռազմական բնագավառում: Բավականին սերտ համագործակցում ենք մասնավոր արտադրողների հետ, ինքս եղել եմ մի քանի արտադրողների մոտ»,-ասաց նախարարը՝ նշելով, թե նաև ՊՆ ներկայացուցիչներն են եղել բոլոր այն արտադրողների մոտ, որոնք ԱԹՍ-ների արտադրությամբ են զբաղված:

«Մի քանի ընկերություններ կան, որոնք ԱԹՍ-ների արտադրության գործնական փուլ են մտել, արդյունքներ արդեն կան: 8 ընկերություններ իրենց միջոցներով են նախաձեռնել նախապատրաստական փուլը, նույնիսկ արտադրական, փորձարկման: Մեր կողմից միանշանակ աջակցություն կա: Իմ տեղեկություններով՝ ՊՆ-ն պատրաստ է այսօր իր սպառազինության մեջ ներգրավել մեր տեղական արտադրանքը, եթե դրանք կարող են մատակարարվել»,-ասաց Խաչատրյանը:

Leave A Reply

Your email address will not be published.