«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների նկարների ցուցահանդեսին ներկա է եղել Աննա Հակոբյանը
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետ ունեցող երեխաները Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ ցուցադրեցին իրենց ձեռքով նկարված նկարները: Միջոցառմանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ
Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանն ուրախությամբ փաստեց, որ երեխաներն իրավիճակին արձագանքում են իրենց ստեղծագործ, գունազարդ տրամադրությամբ: «Ես հավաստիացնում եմ ձեզ, որ աշխարհի բոլոր երեխաները իրավունք ունեն և պետք է լինեն առողջ: Մեծերի սթրեսները հաճախ լուռ տանում են մեր երեխաները: Ցավոք, նրանց առողջությունը շատ ավելի փխրուն է»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ միջոցառումն արդեն բարի ավանդույթ է դարձել բուժկենտրոնում:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տարեկան 11 հազար շաքարային դիաբետով հիվանդացության դեպք է գրանցվում, ևս 25 հազարն էլ՝ ամբուլատոր: «Առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ շնորհակալությունն ու երախտիքի խոսքը հղել բուժանձնակազմին, իսկ երեխաներին մաղթել գունազարդ ապագա՝ իրենց իսկ ձեռքով պատկերված նկարների նման»,- նշեց նա:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ընդգծեց, որ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար պետք է անել ավելին: «Նրանք պետք է միշտ լինեն ուշադրության կենտրոնում եւ ուրախանալու առիթներ ունենան: Մենք պարտավոր ենք, բացի բուժումից, նաեւ այսպիսի պայմաններ ստեղծել եւ ուրախացնել փոքրիկներին անընդմեջ: Հիմա մտածում եւ պլանավորում ենք առաջիկայում կազմակերպել ավելի մեծ միջոցառում»,- ասաց նա:
Հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան էլ հավելեց, որ ամեն տարի ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդացության 86 հազար նոր դեպք է գրանցվում: «Մենք 2015 թվականին ունեինք 454 շաքարային դիաբետով հիվանդ երեխա: Այսօր նրանց թիվը 570 է: Շաքարային դիաբետ ունեցող հիվանդների աճը գրանցվում է ամբողջ աշխարհում»,- հայտնեց Աղաջանովան՝ ընդգծելով, որ նոր դեպքերի աճը, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է մինչև 5 տարեկանների մոտ:
Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավարը վստահեցրեց, որ շաքարային դիաբետը չպետք է խանգարի երեխային, որպեսզի նա ապրի լիարժեք կյանքով: «Շաքարային դիաբետ ունեցող հիվանդի բուժման հաջողության միայն 5 տոկոսի համար է պատասխանատու բժիշկը, մյուս 95 տոկոսը ծնողի, պացիենտի աշխատանքից է կախված»,- նշեց նա:
Ցուցահանդեսից ավարտից հետո հիվանդանոցի դահլիճում տեղի ունեցավ «Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» խորագրով միջոցառում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան՝ նոյեմբերի 14-ին:
Բացի այդ, բուժկենտրոնում բուժվող երեխաները երգ ու պարով ուրախացրին ներկաներին: