Գոհար Հարությունյանն ընդգրկվել է «Միսիս գլոբ 2018»–ի ժյուրիի կազմում
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր Գոհար Հարությունյանն այս տարի ընդգրկվել է «Միսիս գլոբ» միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։ Tert.am Life–ի հետ զրույցում Գոհարը հայտնեց, որ ժյուրիի կազմում լինելու առաջարկ վաղուց ուներ, սակայն մեկնումն ամեն անգամ հետաձգվում էր։
«Միսիս գլոբը» ամուսնացած կանանց համար ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթն է, որի հաղթողը 2010 թվականին ես ճանաչվեցի։ Մի քանի տարի է` ինձ հրավիրում են լինելու ժյուրիի կազմում, սակայն ընտանեկան և առողջական խնդիրների պատճառով չէր ստացվում մասնակցությունս»,– նշեց նա։
Գեղեցկուհու տիտղոսակիրը հայտնեց, որ այս տարի կարող է մեկնել, քանի որ իր նախաձեռնած մրցույթի` «Միսս հայուհու» երկու հաղթողի` Արենա Զեյնալյանի և Էլիզա Մուրադյանի հետ մեկնելու է Չինաստան` «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթներին հայաստանի մասնակցությունը հավուր պատշաճի ապահովելու համար։
Գոհարին ոգևորել է այն փաստը, որ մրցույթի շրջանակում կհանդիպի նաև ընկերուհուն` Բելառուսից Սվետլանա Կուզնեցովային: «Հատկապես ուրախ եմ, որ առիթ կունենամ հանդիպելու իմ վաղեմի ընկերուհուն, որը 2016 թվականին հաղթեց «Միսիս Գլոբ» մրցույթը: Մենք միասին մասնակցել ենք «Միսս Եվրոպա» և «Միսս ԱՊՀ» մրցույթներին»։
Որպես ժյուրիի անդամ` մրցույթի երբեմնի մասնակիցն առաջնահերթ հաշվի է առնելու աղջիկների կառուցվածքի համաչափությունն ու ֆիթնես կազմվածքը:
«Անձնական հարցազրույցի ժամանակ ուշադրություն եմ դարձնում մասնակցի համարձակությանը, գաղափարներին, ընտանեկան և սոցիալական սկզբունքներին:
Կարևոր է իմանալ` ինչպե՞ս է նա պատրաստվում օգտագործել իր տիտղոսն իր երկրում և աշխարհում, ի՞նչ ասելիք ունի»,– ասաց Գոհարը, որը կարևորում է աշխարհին ապացուցել, որ գեղեցկուհիները լինում են նաև խելացի և օրինակելի։
Հիշելով իր մասնակցությունը մրցույթին` Գոհարը նկատեց, որ այս մրցույթի ղեկավար Թրեյսի Քեմբլը հոգեբան է և միշտ ճիշտ ուղղություն է ցույց տալիս յուրաքանչյուր մասնակցին։
«Մասնակիցները ևս փակ քվեարկությամբ կատարում են իրենց ընտրությունը: Որպես կանոն, այդ ընտրության արդյունքները համընկնում են ժյուրիի ընտրության հետ: Այդպես էր նաև իմ պարագայում,– ասաց նա ու կարևորեց, որ Թրեյսին այս մրցույթի միջոցով բարձրաձայնում է ընտանեկան բռնության խնդիրները: –Գեղեցկուհիների միջից ընտրվում են խոսնակներ, որոնք իրենց ելույթներով, համալսարաններում դասախոսություններով կտեղեկացնեն, թե ինչպես խուսափել բռնության ենթարվելուց»։