Աղջիկը մազերը ներկելուց հետո 2 օրով կուրացել է

0

18-ամյա Ռայլի Օ՛Բրիենը մազերը Garnier nutrisse cream ներկով ներկելուց հետո 2 օրով կուրացել է: Նույնիսկ այն բանից հետո, երբ աղջկա տեսողությունը վերականգնվել է, նրա դեմքին թարախային պզուկներ են մնացել՝ ներկին ալերգիկ ռեակցիայի հետեւանքը:

Այդ չարաբաստիկ օրը Ռայլին պատրաստվում էր ընկերներին հանդիպել եւ որոշել է մազերը շեկ ներկել: Նա այս ներկի հանդեպ ալերգիկ ռեակցիայի Patch-թեստ չի կատարել, քանի որ այն նախկինում էլ էր օգտագործել: Եվ իզուր. ներկն օգտագործելուց կարճ ժամանակ անց աղջկա մոտ ուժեղ ալերգիկ ռեակցիա է սկսվել, որը նրա մաշկին սարսափելի քիմիական այրվածքներ է թողել: Ռայլիի դեմքն ուռել է, այտուցվել, եւ նա, իր խոսքով, այլմոլորակայինի է նմանվել:

Աղջիկն անմիջապես չի դիմել բժշկի. սկզբում նա մոր հետ որոշել է սպասել՝ այն հույսով, որ վիճակը կլավանա: Բայց նրա վիճակը միայն վատթարացել է. այտուցը տարածվել է աչքերին. Ռայլին այլեւս չէր կարողանում աչքերը բացել: Այն պահին, երբ Ռայլին վերջապես գնացել է Colchester General Hospital հիվանդանոց, արդեն ոչ մի բան չէր տեսնում՝ մայրը ստիպված էր նրան թեւանցուկ տանել: Հիվանդանոցում աղջկան ստերոիդային դեղամիջոցներ են տվել, որոնց ազդեցությամբ այտուցը սկսել է աստիճանաբար նվազել: Ռայլին ամբողջ 2 օր ոչինչ չի կարողացել տեսնել:

Ռայլին մազերը ներկում էր 14 տարեկանից: Հետաքրքիր է, որ նրա մոտ նախկինում նույնպես (2017 թվականի հոկտեմբերին) այդ ներկից ալերգիկ ռեակցիա եղել էր, իհարկե՝ նա դրան մեծ նշանակություն չէր տվել, հավանաբար, այն պատճառով, որ ռեակցիան այնքան ուժեղ չէր, առաջացել էր պարզապես մաշկի քոր:

Հիմա Ռայլիի դեմքը գրեթե նորմալ է. այտուցն իջել է, տեսողությունը վերականգնվել: Իհարկե, մազերի հատվածում թարախային պզուկներ են մնացել: Մասնագետների կարծիքով՝ նրա բախտը դեռ բերել է, քանի որ եթե այտուցը տարածվեր շնչուղիների վրա, նա կարող էր ուղղակի շնչահեղձ լինել եւ մահանալ:

Աղջիկը մազերը ներկել պատրաստվող բոլորին զգուշացնում է նախ Patch-թեստ կատարել եւ համոզվել ներկի հանդեպ ալերգիայի բացակայությանը:

Ինքը Ռայլին որոշել է այլեւս երբեք մազերը չներկել:

Աղբյուրը՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.