Կոմիտասի անվան կոնսերվատորիան կղեկավարի Սոնա Հովհաննիսյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին:
Սովորել է Երեւանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թթ.՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թթ.՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում:
1984-1989 թթ. աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ եւ խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների եւ դպրոցականների պալատում եւ մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում: Ղեկավարել է «Հայրեն» եւ «Ալելուիա» երգչախմբերը: 1995 թվականից դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թ.՝ դոցենտ, 2016 թ.՝ պրոֆեսոր):
1992 թվականին հիմնադրել եւ առ այսօր ղեկավարում է «Հովեր» երգչախումբը: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ):