Պրեմիերա Գյումրու թատրոնում. կինոպիեսի հիմքում 2008 թ. մարտի 1-ից հետո Հայաստանում տիրող մթնոլորտն է

0

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կավելանա եւս մեկ ներկայացում: Նոյեմբերի 24-ին եւ 25-ին կկայանա «Ոչինչ չի մնա» կինոպիեսի պրեմիերան: Անգլիացի հայտնի դրամատուրգ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա ստեղծված «Ոչինչ չի մնա» կինոպիեսի հեղինակները ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ու Դավիթ Հարությունյանն են, կոմպոզիտորը՝ Հայկոն:

Image result for hayko hrach keshishyan

Օսբորնի «Ետ նայիր զայրացած» դրաման պատմում է Անգլիայում տեղի ունեցող սոցիալական հարցերի, իրականության ֆոնին ծավալվող սիրո եւ ընտանեկան արժեքների, իշխանական մեքենայի եւ խաթարված արժեհամակարգի ու հասարակության դեմ ընդվզման մասին, ինչը՝ կինոպիեսի հայկական ադապտացիայի հեղինակների բնորոշմամբ՝ ապշելու աստիճան նման է 2000-ականներից Հայաստանում տիրող հոգեբանական մթնոլորտին:

Կինոպիեսի հայկական ադապտացիան՝ «Ոչինչ չի մնա»-ն, պատմում է Հայաստանի մասին: Գործողությունները տեղի են ունենում Երեւանում, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո:

Գլխավոր հերոսները 1980-ականների ծնվածներ են, որոնք տասը տարեկան էին, երբ փլուզվեցին խորհրդային կարգերը եւ սկսվեց Արցախյան ազատամարտը: Գլխավոր հերոսը ականատեսն է լինում պատերազմից վիրավոր վերադարձած հոր տանջալից մահվան, այնուհետեւ, անապահով, էներգազուրկ ու ցուրտ տարիների մանկության տառապանքը շարունակվում է հասուն տարիքի տանջանքներով, երբ իշխանական մեքենան, չեզոքացնելով լավ ապագայի բոլոր հույսերը, շատերի համար ճակատագրական է դարձնում արտագաղթը:

Կինոպիեսում կենդանի ու վառ կերպարներն ընդվզում են հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպերի եւ պետական ապարատի կողմից պարտադրվող կանոնների դեմ: Գլխավոր կերպարի հիմքում մի անձ է, որը սերում է բանվոր դասակարգից, ազատորեն հեգնում է տիրող կարգերը՝ հարձակվելով կործանարար աղանդավորության եւ արհեստականորեն ձեւավորված էլիտայի վրա: Նա վախենում է կորցնելուց, բայց անընդհատ կորցնում է: Նա ենթադրում է, որ սերը կփրկի իրեն, բայց չի համակերպվում սիրո ձեւակերպմանը:

Գլխավոր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում խոսեց կինոպիեսի որոշ նրբությունների ու նոր ֆորմատով ներկայացնելու մասին: Վերջինիս փոխանցեց՝ բեմադրությունն իրենից ներկայացնում է մուլտիմեդիա ներկայացում, որտեղ որոշակի տեսարաններ նախօրոք են նկարահանված եւ հերոսների հիշողությունների փոխարեն ընթացքում վերարտադրվելու են:

Image result for hrach keshishyan

«Մուլտիմեդիա հնարքներով հերոսների մտքերը լուսագրվում են եւ ապա ինտերակտիվ կառավարվում տարածության մեջ: Տարբեր տեսարաններում եւ անցումներում օգտագործվում են հատուկ գրաֆիկական լուծումներ. ներկայացման ընթացքում աշխատում է հինգ պրոյեկցիոն ապարատ, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին դերակատարություն եւ պատկերային շարք»,-ասաց ռեժիսորը:

Քեշիշյանը նաեւ նշեց, որ դերասանական կազմը հիմնականում Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնի դերասաններն են՝ Արսեն Միքայելյան, Մանե Մխոյան, Ջեմմա Սահակյան եւ այլոք:

Խոսելով նոր ֆորմատով ներկայացման մասին՝ ռեժիսորն ասաց, որ թատերական աշխարհում այսօր շատ ընդունված ձեւ է, որն իրենք Գյումրու թատրոնում առաջին անգամ են իրականցնելու: «Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար: Նման ֆորմատի ներկայացումներով փորձելու ենք գոնե որոշ բաներով մենք էլ աշխարհին համընթաց քայլել»,-ասաց Քեշիշյանը:

Հրաչ Քեշիշյանը նշեց, որ «Ոչինչ չի մնա» կինոպիսի բեմադրման առաջարկը դեռեւս նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի եւ ներկայիս տնօրեն ու թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի կողմից մեկ տարի առաջ էր ստացել: «Ոչինչ չի մնա» կինոպիեսի աշխատանքները սկսվել են հոկտեմբեր ամսից:

Ներկայացումն արտերկիր տանելու կամ հանրապետության այլ քաղաքաներում ներկայանալու մասին Քեշիշյանը դժվարացավ խոսել, նշեց, որ այս անգամ ստանձնել է միայն ռեժիսորական աշխատանքները: «Լինելու եմ միայն բեմադրիչ, ինչը ինձ շատ է դուր գալիս, քանի որ շատ հոգսերից ազատված եմ: Թե կինոպիեսը կմնա Գյումրիի թատրոնում, դուրս կտարվի, կամ որ քաղաքներում կներկայացվի, դրանք հարցեր են, որոնք կորոշի թատրոնի ղեկավարությունը»,-եզրափակեց Հրաչ Քեշիշյանը:

Նշենք, որ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա Հայաստանում 2007 թվականին «HK productions» ընկերության կողմից թողարկվել է «Ոչինչ չի մնա» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը, պրոդյուսերն ու սցենարի հեղինակը Հրաչ Քեշիշյանն է: 2008 թվականին Ոսկե ծիրան կինոփառատոնում ներկայացված ֆիլմի գլխավոր դերակատարներն են Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նարինե Պետրոսյանը, Հրաչյա Հարությունյանն ու Արմեն Մարգարյանը:

Աղբյուրը՝ armtimes.com

Leave A Reply

Your email address will not be published.