ԱԱ-2018. Մաքսիմ Մանուկյանն ու Սլավիկ Գալստյանը մեկնարկեցին վստահ հաղթանակներով
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում վստահ հաղթանակով մեկնարկեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ): Որակավորման փուլում նա մրցեց 2010թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Իմիլ Շարաֆետդինովի հետ եւ առավելության հասավ 5:1 հաշվով:
Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ջինհեոկ Կիմի (Հարավային Կորեա) հետ, որը 4:2 հաշվով հաղթեց Անդրեյ Անտոնյուկին (Ուկրաինա):
Սլավիկ Գալստյանը (63 կգ) նույնպես վստահ հաղթանակ տարավ որակավորման փուլում: Նա 5:0 հաշվով ուժեղ էր հարավկորեացի Յունգրոկ Ջունգից: Սլավիկ Գալստյանի հաջորդ մրցակիցը կլինի ադրբեջանցի Տալեհ Մամադովը:
Նորայր Հախոյանը (55 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի խորվաթ Տոնի Բրալայի հետ:
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մեկնել են նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չէր նվաճել Բուդապեշտում: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Սաֆարյանը եւ Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում, իսկ մյուսները պարտել էին մեկնարկում:
Աղբյուրը՝ News.am