Արթուր Վանեցյան. «Արդյունքները տեսանելի կլինեն 4-5 տարի հետո»

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախախաղային մարզումից առաջ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի բրիֆինգը լրագրողների հետ: ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆուտբոլիստների հետ ունեցած զրույցի ժամանակ խոսել է հետագա անելիքների, վաղվա խաղի մասին և նրանց հաջողություն մաղթել:

«Ջիբրալթարի հավաքականի հետ խաղը բոլորդ էլ տեսաք: Ճիշտ է, պարտվել ենք, բայց եթե նայենք վիճակագրությանը, կարող ենք ասել, որ վերջին շրջանի լավագույն խաղերից մեկն էր: Ամեն դեպքում` ունենք պարտություն, պատճառները քննարկել ենք շատ խորը, մասնագիտական վերլուծություն ենք կատարել և առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, որի մասին բարձրաձայնել եմ ՀՖՖ նախագահ ընտրվելու օրը:

Ծրագիրը գրվում է և կներկայացվի շատ շուտով: Ինչպես արդեն ասել էի, հիմնական խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Պետք է ունենանք շատ ֆուտբոլիստներ, որպեսզի մարզիչը հնարավորություն ունենա ընտրություն կատարել: Ես չեմ ուզում թերագնահատել ազգային հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին, բայց եթե օբյեկտիվ լինենք, արդյունքն անբավարար է: Այնպես որ քննադատություններն ընդունելի են:

Գլխավոր մարզչի հետ խոսակցություն եղել է: Փորձել եմ ոգեշնչել, որպեսզի ընկճվածություն չլինի և իր բոլոր ուժերը ներդնի վաղը կայանալիք խաղին: Հուսով եմ` կունենանք դրական արդյունք: Իսկ ընդհանուր առմամբ` արդյունքներ կարելի է ակնկալել 4-5 տարի հետո: Իհարկե, ֆուտբոլը շատ զգայուն թեմա է: Ցանկացած պարտություն մեր ազգը շատ ծանր է տանում, մենք ևս:

Այսօր Հայաստանում ունենք շուրջ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Մոլուցքի պես մի բան է դարձել, ամբողջ աշխարհում ման ենք գալիս հայկական արմատներով խաղացող, որպեսզի ընդգրկենք հավաքականում` անկախ այն հանգամանքից, լա՞վն է, թե՞ ոչ: Համոզում ենք, բերում, որոշ դեպքերում ունենում ենք դրական արդյունք, որոշ դեպքերում` ոչ: Պետք է խնդրեմ, որ լցվեք համբերությամբ և վստահեք մեզ, առաջիկայում կտեսնեք գործուն քայլեր: Արդյունքները տեսանելի կլինեն մեր հավաքականներում: Ցավալի է, բայց երիտասարդական հավաքականներում ևս չկան խաղացողներ, ովքեր կապահովեն սերնդափոխություն:

Հանդիպել եմ Յուրի Ջորկաեֆի հետ: Նա այսօր չունի պրոֆեսիոնալ մարզչի որակավորում և չի կարող գլխավորել մեր ազգային հավաքականը: Հիմա ունենք փորձառու մարզիչ` ի դեմս Արմեն Գյուլբուդաղյանցի: Պետք չէ թերագնահատել նրա մարզչական որակները: Պետք է վստահենք նրան և ակնկալենք արդյունքներ: Բայց, կրկնում եմ, հրաշքներ չեն լինելու, չի կարելի 20 տարվա փչացրածը վերականգնել 20 օրում: Ջիբրալթարի հավաքականի հետ խաղում կային ֆուտբոլիստներ, որոնց չէի ցանկանա տեսնել մեկնարկային կազմում, բայց եթե կա գլխավոր մարզիչ, պարտավոր ենք վստահել նրան: Եթե հետագայում էլ արդյունքներն անբավարար լինեն, մարզչական փոփոխություն տեղի կունենա, բայց այս պահին նման խնդիր չկա դրված»,- ասաց Վանեցյանը:

Image result for Արթուր Վանեցյան

Աբյուրը՝ Panarama Sport.am

Leave A Reply

Your email address will not be published.