Ասկերանի Ավետարանոց համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

0

Սևակ Բաղդասարյանը որպես ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց  համայնքի ղեկավար ունենալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների  հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում, 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով և ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված՝ համայնքի շահառուների  ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով ցուցակագրել է նախքան պատերազմական գործողություններն սկսվելը վերջին երեք ամիսներին համայնքում  փաստացի չբնակված և ծրագրի շահառու չհանդիսացող  թվով 277 քաղաքացիների տվյալներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա  վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 83.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն դեպքերի առթիվ  ԱՀ քրեական  օրենսգրքի  322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն,  սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների  գործերով բաժինը:

Leave A Reply

Your email address will not be published.