Հայաստանում մի քանի միլիոն դոլարի ներդրումների արդյունքում հիմնվելու է բուսական յուղերի գործարան
Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում կհիմնվի նոր արտադրություն։ Ներդրումը կատարում է «ՂալբուրջյանԳրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։ Առաջին փուլում ներդրվում է 500 000 դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարանը կկառուցվի Արարատի մարզի Մասիս քաղաքում, կզբաղեցնի շուրջ 6000 քմ տարածք։ Ներդրումային ծրագրի առաջին փուլում ավելի քան 40 նոր աշխատատեղ կստեղծվի, երկրորդ փուլում գյուղացիական տնտեսությունները կներգրավվեն քունջութի աճեցման գործում։
«Գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են»,- նշեց Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։
«Վերջին տարիներին միջազգային շուկայում բուսական յուղերի սպառման աճի կայուն միտումներ են արձանագրվել։ Հաշվի առնելով պահանջարկը, հայկական այդ արտադրանքի թիրախային շուկաներ կլինեն ԵԱՏՄ, Մերձավոր Արեւելքի, ԵՄ որոշ երկրներ, Կանադան և այլն»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
Ներդրումային ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է հիմնել մեքենասարքավորումների գործարան, որը շուկային կմատակարարի հոսքագծեր, տարաներ,չժանգոտվող մետաղից հաստոցներ՝ սննդի, գինու, հանքային ջրերի և այլ արտադրություններում կիրառման համար։
«Նպատակ ունեմ, որ թոռնիկներս Հայաստան տեղափոխվեն ապրելու։ Երբ գործ սկսեմ, տեսնեն, որ այստեղ կարող են լավ կյանք ու ապրուստ գտնել, կգան»,- նշել է «ՂալբուրջյանԳրուպ» ընկերության հիմնադիր Զոհրաբ Ղալբուրջյանը։
Բիզնես Արմենիան աջակցել է «ՂալբուրջյանԳրուպ» ընկերության գրանցման, հողի, հումքի ձեռքբերման, բիզնես պլանի մշակման, պետական աջակցությունից օգտվելու և այլ հարցերում։