«Պետք է զարթնենք, դա է մեր առաքելությունը». Հայաստանի եւ Արցախի պարի պետական անսամբլների համատեղ համերգը
Մեկ տարվա համերգային դադարից հետո Հայաստանի եւ Արցախի պարի պետական անսամբլները հանդես եկան համատեղ ծրագրով: «Զարթոնք» խորագիրը կրող պարային երեկոն կայացավ երեկ՝ մարտի 28-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգը մեկնարկվեց Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված զինվորների հիշատակին նվիրված հոտընկայս ծափահարություններով:
Համատեղ պարային համերգ ունենալու գաղափարը Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանինն էր, իսկ համերգի խորագիրը պատահան չէր ընտրվել՝ «Զարթոնք»՝ կյանքի շարունակություն.
«Ցանկացանք հրավիրել Արցախի պարի պետական անսամբլին համատեղ առաջին համերգի համար, ինչն այս դաժան տարվանից հետո նաեւ մեզ է խթան հանդիսանում աշխատելու: Պետք է ապրենք, իսկ մեր աշխատանքը հենց պարն է: Կարծում եմ՝ բոլորս պետք է աշխատենք մեկս մյուսին ոգեշնչելու ուղղությամբ, որպեսզի պարենք, որովհետեւ կյանքը շարունակվում է: Սա մեր առաջին ելույթն է պատերազմից հետո, հենց դրա համար էլ ընտրել ենք «Զարթոնք» անունը»,-նշեց Էրիկ Չանչուրյանը՝ հավելելով.
«Մենք աշխատում ենք, փորձում աշխուժացնել ե´ւ ժողովրդին, ե´ւ պարողներին. պետք է զարթնենք, դա է մեր առաքելությունը: Շատ եմ ցանկանում՝ նաեւ Արցախում ունենանք նման համերգ»:
Արցախի պարի պետական անսամբլի տնօրեն Ռաուլ Բաբայանը նշեց, որ սիրով են ընդունել Հայաստանի պարի պետական անսամբլի հետ համատեղ համերգով հանդես գալու առաջարկը, թեեւ խոստովանեց՝ դժվար է պատերազմից հետո բեմ բարձրանալը.
«Իհարկե, շատ բարդ էր նորից բեմ բարձրանալ եւ պարել, բայց Էրիկ Չանչուրյանի հետ որոշեցինք կազմակերպել այս գեղեցիկ ծրագիրը: Սա նաեւ խորհրդանշական է այն առումով, որ երկու հզոր պետություն միասին կանգնել ու պարում ենք շնորհիվ մեր ազգի: Պետք է չմոռանանք՝ ինչի համար են զոհվել մեր տղաները, մենք պարտավոր ենք քայլել գլուխներս բարձր, չկոտրվել ու հզորացնել մեր արվեստը, ցույց տալ թշնամուն, որ մենք կոտրված չենք, մենք շարունակելու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»:
Նա նաեւ հավելեց, որ թեեւ Արցախում մարդիկ դեռեւս համերգների տրամադրություն չունեն, բայց հույս ունի, որ շուտով «կամաց-կամաց ամեն ինչ կհաղթահարվի»:
«Ցավոք, սրտի մեր անսամբլը ունեցել է նաեւ կորուստներ… Մեր փորձավար Կարեն Դանիելյանը անհետ կորած է, իսկ պարողներից Սերոն զոհվել է… Արցախում, գրեթե, բոլոր ընտանիքներում կան կորուստներ…»:
Համերգային շոուի ստեղծագործական մասով զբաղվել է ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը, որի խոսքով՝ փորձել են նոր շնչով զարթոնք բերել հանդիսատեսին.
«Սա ոչ առաջին, ոչ էլ՝ վերջին համերգը պետք է լինի. մեր համերգային օրերն արդեն բաժանված են: Կփորձենք ժողովրդին ուրախացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում: Կփորձենք կարճ ժամանակում բեմ հանել նոր համարներ՝ փոփոխություն մտցնելով ծրագրի մեջ»,-նշեց նա:
Համերգային երեկոն բացվեց Խաչատուր Ավետիսյանի «Զարթոնք» ստեղծագործությամբ, եղան նաեւ այլ հայտնի համարներ, որոնք ուղեկցվեցին հանդիսատեսի բուռն ծափահարություններով:
Ամեն ինչ ավելի պատկերավոր՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում: