Ափսոս էին զոհված տղերքը
Չգիտեմ, թե ի՞նչ հանգամանքներում ու ի՞նչ տեսլականով ԳՇ գեներալները ստորագրեցին Նիկոլի հրաժարականի մասին հայտարարությունը, բայց այն, որ այդ նույն գեներալները հոտնկայս ընդունեցին իրենց կողմից մերժված Նիկոլին ու նույն հեզությամբ էլ ընդունեցին Արտակ Դավթյանի ԳՇ պետ նշանակվելու (իրավունքի ուժով) լուրը, շատ բան է ասում 44-օրյա պատերազմի ու դրա ելքի մասին: Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Նիկոլը երկուսուկես տարվա ընթացքում այդպես էլ «ձեռք չտվեց» բանակին, ինչո՞ւ էր գեներալների հետ իր 7 րոպեանոց ճառի մեջ անընդհատ կրկնում «միասին» բառը:
Բանակը էն տղերքն էին, որ զոհվում ու վիարվորվում էին մարտադաշտում, էն տղերքն են, որ կարկատած վրանների մեջ պոստ են պահում Սյունիքի ու Գեղարքունիքի դիրքերում, էն տղերքն են, որ մամայի փեշի տակ չեն նստել ու նույնիսկ քաղաքացիական հագուստով Արցախի դիրքեր են վերադառնում: Մի արտասովոր օրինաչափությամբ դրանց մեջ գեներալներ չկան: ԳՇ ու բանակի հրամանատարության մեծ մասը հենց հիմա ներքաշված է ներքաղաքական գործընթացներում ու թող ոչ մի գեներալ հետո չասի, թե այդպես չէ կամ հրաման է կատարում: Հրաման տվողներն իրե՛նք են, իրե՛նք պետք է լավ հասկանան պետությանն ու պետականությանը սպառնացող վտանգը: Բանակն ամենաքիչն է պատերազմ ցանկանում, բայց պատերազմից ոչ թե փախնում են, իբր քաղաքական չեզոքություն պահպանելով, այլ պատերազմին պատրաստվում ու հաղթում են, անկախ նրանից, թե ո՞վ է կամ ի՞նչ բարոյական նկարագիր ունի երկրի ղեկավարը: Հին ու բարի ժամանակներում, երբ գեներալը ոչ թե ասֆալտին էր ճեմում, այլ խրամատներում սապոգների մեջ ոտքերին կոշտուկներ էին ստանում, նման դեպքերում կա՛մ հրաժարական էին ներկայացնում, կա՛մ ինքնասպան էին լինում: Մեր գեներալներն ինքնասպան լինելու համարձակություն չունեն, ուրեմն պատերազմում հաղթող չեն: Իսկ եթե հաղթող չեն, ուրեմն գեներալ էլ չեն, այլ սովորական աշխատավարձ ստացող, սովորական բարձր աշխատավարձ ստացող: ՄԵնք պատրաստ էինք ներել նրանց բոլոր բացթողումները խաղաղ ժամանակ, մենք չէինք ուզում հավատալ, որ պարտության մեջ նրանք էլ մեղքի բաժին ունեն, մենք հավատում էինք, որ մի օր նրանք կասեն ճշմարտությունն այս խայտառակ պարտության մասին և դրանով մեզ նոր ոգևորություն կտան, մեզ նորից շարք կկանգնեցնեն ապագա հաղթանակի համար: Դրա ժամանակն այսօր էր, բայց գեներալները Նիկոլ Փաշինյանին հավատարմության լռություն են պահպանում, գուցե աչքերի առաջ ունենալով այն գաղտնի թղթապանակները, որ իրենց մասին կարել են նույն Փաշինյանի հրահանգով: Նրանք ուսադիրի պատիվը չի, որ պահում են, այլ այն արտոնությունները, որ ունեն որպես գեներալ: Նրանք գիտեն, որ պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար չեն լինելու, այլ տաքուկ շտաբներում ամենաբարձր մակարդակով լոկ «բարոյական աջակցություն» են ստանալու, իրենց որդիներն ու հարազատներն առաջնագիծ չեն տեսնելու: Դրա համար էլ Փաշինյանին հոտնկայս չէ՝ ծնկաչոք էլ կդիմավորեն, դրա համար ոչ թե երկրի, այլ այդ երկրում իրենց դղյակների մասին են մտածելու:
Ափսոս էին զոհված տղերքը: