Տվյալ գործով քրեական հետապնդումն իրականացնողն Աննա Վարդապետյանն է, իսկ բաժնի պետը՝ Նիկոլ Փաշինյանը. փաստաբան
Կոնկրետ գործերով ուղղորդումներն իրականացվում են Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդականի եւ ՀԿԳ քննիչի վերաբերյալ սկանդալային տեսանյութին։
«Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված բնույթ կրող ծանրագույն հանցագործություն։ Սա մաֆիային բնորոշ դրսեւորում է։ Ես խոսում եմ այն մաֆիայի մասին, որ անցած տարվա մարտին Նիկոլ Փաշինյանն էր խոսում Ազգային ժողովի ամբիոնից, խոսքն ուղղված էր ինձ՝ որպես մաֆիոզ իրավաբան։ Պարզվեց, թե Հայաստանում ով է մաֆիա ղեկավարում»,- նշեց Մակինյանը։
Փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ նշեց, որ մեղադրանքի որոշումը նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթ է, որի հեղինակային իրավունքը բացառապես քննիչինն է.
«Գողի եւ Նիկոլի օրը 40 օր է։ Ցավալի է, որ մեղադրանքի որոշումն իրենից ներկայացնում է այն նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթը, որի հեղինակային իրավունքը բացառապես քննիչինն է. ոչ քննչական բաժնի պետը, ոչ դատախազը այդ որոշման նկատմամբ որեւէ իրավասություն չունեն, ձեւակերպելու, վերաձեւակերպելու»։
Մելիքյանն ասաց, որ քրեական գործում կան նաեւ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնք եւս հասանելի են դարձել վարչապետի օգնականին. «Պարզ է դառնում, որ քրեական հետապնդումը ոչ թե իրականացրել է քննիչ Արթուր Այվազյանը, այլ Աննա Վարդապետյանը։ Դուրս է գալիս, որ տվյալ գործով քրեական հետապնդումն իրականացնողն Աննա Վարդապետյանն է, իսկ բաժնի պետը Նիկոլ Փաշինյանն է»։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։
Նշեք, որ Դատախազությունն էլ փաստաբանի հաղորդումն ու կայքի հրապարակումն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նյութեր նախապատրաստելու: