Կառավարությունը չի ընդունում նախագահի առարկությունները. ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը նորից կուղարկեն նրան

0

Կառավարությունը չի ընդունում  նախագահ Արմեն Սարգսյանի առարկությունները ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու՝ վարչապետի առաջարկությանը եւ հիմնավորումներով հետ կուղարկվի միջնորդությունը նախագահին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարության լրատվական բաժնից։

Սահմանադրության 139–րդ հոդվածի հիմքով՝ եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որեւէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Նշենք՝ ավելի վաղ նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Նիկոլ Փաշինյանը նախագահին նման առաջարկությունով դիմել էր նախօրեին, երբ հայտարարել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք՝  մարտի 9–ին, Արտակ Դավթյանը Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ Նա 2020թ.–ի նոյեմբերի 16–ին վարչապետի որոշմամբ ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որին նշանակվել էր 2020-ի հուլիսի 17-ին։ Արտակ Դավթյանը ավելի վաղ՝ հունիսի 8-ին, ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ.–ի մայիսի 24–ին։ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման առիթը դարձել էր կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի օրերին  որդու հարսանիքը նշելը։

Leave A Reply

Your email address will not be published.