«Իսկանդերը» բարձր մակարդակի հանձնել են ու խնդիր չպետք է լինի «Իսկանդերի» մեջ. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ երեկվա հայտարարությունը։
«Ես ասել եմ ՝ «Իսկանդերի» մասին հարցրեք Պաշտպանության նախարարությունից, որովհետև ես տեղյակ չեմ ՝ երբ են կիրառել, ոնց են կիրառել», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը, սակայն, վստահեցրեց՝ «Իսկանդերի» հետ կապված խնդիր չի կարող լինել։
« «Իսկանդերը», երբ որ ընդունվել է, բարձր մակարդակի երկկողմանի հանձնել են ու խնդիր չպետք է լինի «Իսկանդերի» մեջ», — ասաց Օհանյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։
«Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը», — ասել էր Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։
«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», — հայտարարել էր Փաշինյանը։