Միայնակ, սեփական քրտինքով վաստակածս գումարից հարկ վճարելու պարտավորություն չպետք է ունենամ․ Սոնա Շահգելդյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին: Ըստ նրա՝ սիրված երգիչ-երգչուհիները, որոնք նաև հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն. «Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման»,- ասել էր նա:
Թեմայի վերաբերյալ երգչուհի Սոնա Շահգելդյանը ասել է․
«Այդ մասին առաջին անգամ եմ լսում, մինչև այս պահը ես տեղեկություն չեմ ունեցել օրենքի նման կետի գոյության մասին։ Եթե բոլորը միահամուռ գան մեկ հայտարարի և վճարեն, բնականաբար ես էլ կմասնակցեմ այդ ամենին։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես գտնում եմ, որ միայնակ, սեփական քրտինքով վաստակածս գումարից հարկ վճարելու պարտավորություն չպետք է ունենամ, բայց եթե այդ վճարումն ունի դրական և լավ նպատակ, ապա ես պատրաստ եմ նման վճարում կատարելու։ Մենք հիմա ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ բոլորն ազատ արտահայտում են իրենց կարծիքը և մշակութային գործիչները, առանց բռնկվելու, պետք է խոսեն ու գան համաձայնության։ Վճարի չափի և տոկոսների մասին ես որևէ բան չեմ կարող ասել»։
Աղբյուր՝ mamul.am