Առաջին խումբ. ԲԿՄԱ-ն խփեց 6 գոլ և դարձավ առաջատար
Ձմեռային ընդմիջումից հետո վերսկսված ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության երրորդ տուրից հետաձգված խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվեց «Արարատ-2»-ին և վստահ հաղթանակ տարավ 6:1 հաշվով:
Ձորաղբյուրի մարզաբազայում տեղի ունեցած խաղում ԲԿՄԱ-ից դուբլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը, իսկ Ժիրայր Շաղոյանը, Նարեկ Գրիգորյանը և Լևոն Վարդանյանն աչքի ընկան մեկական անգամ: Դաշտի տերերի միակ գոլն առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածով խփեց Ռազմիկ Հակոբյանը: Մեկ անգամ էլ «Արարատ-2»-ի խաղացողները դարձան ինքնագոլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը վաստակեց 30 միավոր և, շրջանցելով «Սևանին» (14 խաղ, 29 միավոր) ու «Վեստ Արմենիային» (12 խաղ, 28 միավոր), բարձրացավ առաջին տեղ: ԲԿՄԱ-ն անցկացրել է 11 հանդիպում: «Արարատ-2»-ը 10 միավորով 8-րդն է 12 խաղից հետո: