Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

0

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 22-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բեքարյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, միեւնույն ժամանակ մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ երեկ դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը կալանավորվել են, իսկ Մհեր Ավագյանն ազատ արձակվել։

Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Leave A Reply

Your email address will not be published.