Դարերից եկած ավանդույթներ շարունակողները մենք ենք
Public.am-ի զրուցակիցը ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին է:
1.Հետևելով ձեր ֆեյսբուքյան էջին հասկանալի է, որ շատ եք շրջագայում համերգային ծրագրերով և ապագայում ևս ունեք կայանալիք համերգներ: Որտե՞ղ եք վերջին անգամ համերգներով հանդես եկել և առջևում պատրաստվո՞ւմ եք նոր համերգների:
Այո, ես այն երջանիկներից մեկն եմ, ով կարողանում է զբաղվել իր մասնագիտությամբ լիարժեք և կարողանում է իհարկե ապրել ու գումար վաստակել հենց այդ մասնագիտությամբ: Համերգային ծրագրերը շատ-շատ են թե Հայաստանում, թե Սփյուռքում: Վերջին համերգային ծրագիրը կայացավ երեկ՝ համերգով հանդես էի գալիս սահմանամերձ Տավուշի գյուղերում: Շատ հետաքրքիր ու հայրենասիրական ոգով համերգ տեղի ունեցավ: Շնորհակալ եմ տավուշցիներին ջերմ ընդունելության համար:
2. Ունե՞ք նոր համերգային ծրագրի պլաններ և արդյոք չեք ուզում ձեր լսարանի համար մենահամերգով հանդես գալ:
Համերգային ծրագրերը շատ են: Շուտով Երևանում համերգ կունենանք ես և իմ անբաժան ընկերները՝ Աղասի Իսպիրյանը և Գոհար Հովհաննիսյանը, այնուհետև համերգային շրջագայություններ ունենք Ռուսաստանի 10 քաղաքներում, եվրոպական մի շարք քաղաքներում և նաև Լիբանանում: Մենահամերգի մասին, իհարկե, մտածում եմ և վստահ եմ, որ այն կունենամ Հայաստանում, քանի որ մենահամերգներով սփյուռքում շատ եմ հանդես գալիս, իսկ Հայաստանում վերջին մենահամերգս եղել է 13 տարի առաջ:
3. Ռուբեն, ի՞նչ կարծիքի եք՝ արդյո՞ք այսօր մեր երիտասարդությունը ավելի շատ լսում և տեղ է տալիս ազգագրական երգերին:
Ի ուրախություն բոլորիս այսօրվա մեր երիտասարդության մեջ հայրենասիրությունն ամուր է սերմանված: Դա իհարկե գովելի է, դա զգում ես համերգների ժամանակ, երբ ամբողջ երիտասարդությունը երգում է քո հետ բոլոր մեր ազգագրական երգերը և պարում է մեր ազգային պարերը:
4. Կարող ե՞ք առանձնացնել, թե որ երկրում է ամենատաք հանդիսատեսը:
Հավատացեք՝ չեմ կարող առանձնացնել հանդիսատեսին թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, քանի որ երգում եմ այն երգերը, որը մերն է, մեր ազգինը, մեր ազգի պատմությունն է, իսկ յուրաքանչյուր հայ, եթե սիրում է իր ազգայինը, ուրեմն միշտ իր համար հաճելի և սպասված է լսել իր ազգի երաժշտությունը:
5. Առաջիկա պլաններում չե՞ք պատրաստվում նոր տեսահոլովակ ներկայացնել հանրությանը:
Շուտով կնկարահանվի երկու տեսահոլովակ, որից մեկը զուգերգ է և դա անակնկալ է, իսկ մյուս երգի հիման վրա տեսահոլվակը կնկարահանվի ԱՄՆ-ում:
6. Ռուբեն, դուք համերգային շատ ծրագրերով հանդես եք գալիս նաև ձեր կոլեգաների հետ: Այդպես ցանկանում են կազմակերպիչնե՞րը, թե դուք եք որոշում ում հետ հանդես գալ:
Իմ երգարվեստի բնագավառում շատ երգիչերի հետ եմ համագործակցում թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Լինում են դեպքեր, որ կազմակերպիչներն են ցանկանում, որ տվյալ երգչի հետ հանդես գամ, իսկ լինում է, որ ինքս եմ ընտրում, թե ում հետ երգեմ: Մեծամասամբ հանդես եմ գալիս իմ անբաժան ընկերների՝ Աղասի և Գոհարի հետ, ինչպես ժողովուրդն է ասում՝ մեր անբաժան եռյակը:
7. Ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին և բամբասանքներին:
Առողջ քննադատություններին նորմալ, իսկ բամբասանքներին ուշադրություն չեմ դարձնում: Նորմալ է և որ կարող է նաև բամբասանքներ լինեն քո հասցեին: Մեր զրույցի վերջում ցանկանում եմ նշել, որ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել է այս շնորհքը, որ երգեմ: Սիրում եմ իմ հանդիսատեսին թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Սիրեք և գնահատեք մեր ազգային երգն ու պարը: Դարերից եկած ավանդույթը շարունակողը մենք ենք՝ երիտասարդներս, որ պետք է միշտ հավերժ պահենք:
Շնորհակալ եմ Public.am-ին, որ անդրադարձավ իմ գործունեությանը: Շնորհակալ եմ ուշադրության և լավ վերաբերմունքի համար: Սիրում եմ ձեզ շատ:
Հեղինակ՝ Լուսինե Առաքելյան