Ինչպես է անցել «Հայ բույս-2018» փառատոնը. Public.am-ի անդրադարձը փառատոնին. լուսանկարներ
«Հայ բույս-2018» փառատոնի շրջանակներում Տավուշի Ենոքավան համայնքում զբոսաշրջիկներն ու ՀՀ քաղաքացիները համտեսեցին քսան մետր երկարությամբ Խաղաղության բրդուճը՝ լավաշ, սամիթ, մաղադանոս, ռեհան, համեմ ու պանիր՝ հայկական, լեհական, շվեյցարական:
Շվեյցարական պանիրը կտրատում և պատրաստողներին էր հյուրասիրում անձամբ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը:
«Հայ բույս» փառատոնը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն անցկացվում է 2015 թվականից: Ամենամյա փառատոնի նպատակներն են՝ ներկայացնել և ժողովրդականացնել Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարևորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող, բայց անհայտ բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ: Փառատոնը ներկայանում է «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք» կարգախոսով: Միջոցառումն ուղեկցվում է ինչպես ճանաչողական, ուսուցողական, այնպես էլ ժամանցային տարբեր միջոցառումներով:
«Մեր հիմնադրամը հիմնականում զբաղված է հայկական ավանդական արհեստների վերծանմամբ, տարածմամբ և ցանկություն ունեցողներին սովորեցնելով, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Սահմանամերձ Բերդ քաղաքում շուտով կսկսվեն կարպետի և գորգի դասերը»,-ասաց փառատոնի մասնակից, Ժողովրդական արվեստների «Հանգույց» հիմնադրամի գորգերի բաժնի պատասխանատու Աստղիկ Ամիրբեկյանը՝ ավելացնելով, որ հիմնադրամն արդեն 4 տարի է գործունեություն է ծավալում և առաջին սաները դպրոցահասակ երեխաներն են եղել:
«Փառատոնի հաջողությունը սկսվել է մինչև փառատոնը: Եթե նախորդ տարիներին մենք էինք զանգահարում, ներկայացնում փառատոնը, այս տարի մասնակիցներն ու հյուրերն իրենք էին հետաքրքված մասնակցությամբ։ Մենք շատ ենք գնահատում այն, որ ստեղծել ենք միջոցառում, որը ողջ ընտանիքի համար է»,-ասաց փառատոնի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի փառատոնը տեղի կունենա հունիսի 29-ին:
«Ամեն տարի աճել է թե՛ մասնակիցների, թե՛ հյուրերի թիվը: Մասնակիցները նաև ստեղծարար գաղափարներ են ներկայացրել, թե ինչպես կարելի է օգտագործել Տավուշի հարուստ անտառներում աճող բույսերը, դաշտային ծաղիկները։ Դրա վկայությունն էր նաև այս տարվա նորույթը՝ փառատոնի ընթացքում տեղի ունեցավ ծաղկարվեստի ֆլորիստների մրցույթ: Երբ ներկայացնում էինք Խաղաղության բրդուճի գաղափարը, սկզբում իմաստը չէին հասկանում, բայց այս տարի դեսպանատներ կային, որ իրենք էին դիմել, ցանկացել պանիր տրամադրել։ Օրինակ, Լեհաստանի դեսպանն առավոտյան եկավ, չէր կարող մնալ պատրաստման արարողությանը, բայց իրենց կողմից էր մասնակցելու ցանկությունը»,-նկատեց Գայանե Չիբուխչյանը:
«Հյուրեր ունեինք Ռուսաստանից, ովքեր ինքնաբուխ սկսեցին պարել, նրանց միացան մյուսները: Հյուրերն ակտիվորեն մասնակցում էին տարբեր մրցույթների, բրդուճի պատրաստման արարողությանը: Ովքեր նախորդ տարիներին մասնակցել էին փառատոնին, բոլորի կողմից նշվում էր այս փաստը»,-նշեց փառատոնի համահիմնադիրներից Գայանե Աղայանը:
Նշենք, որ փառատոնի ընթացքում անցկացվեցին բազմաթիվ վարպետության դասեր և դասախոսություններ: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ կենցաղում և կյանքի տարբեր ոլորտներում բույսերի կիրառման առանձնահատկություններին: «Հայ բույս» փառատոնը եզրափակվեց արդեն ավանդական դարձած ենոքավանյան պոլոյով:
Public.am