«Նիհարեցնող ներարկումների» դադարեցումից հետո կորցրած քաշի մոտ 60%-ը վերականգնվում է. eClinicalMedicine

0

eClinicalMedicine բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, թե մարմնի զանգվածը մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվում GLP-1 ընկալիչի ագոնիստ նիհարեցման համար նախատեսված հայտնի դեղամիջոցների, մասնավորապես՝ սեմագլուտիդի և նմանատիպ այլ դեղամիջոցների դադարեցումից հետո։

Քեմբրիջի համալսարանի գիտնականները վերլուծել են կլինիկական փորձարկումների տվյալները և մոդելավորել քաշի փոփոխության հետագիծը թերապիայի ավարտից հետո՝ հասկանալու համար, թե որքանով է կայուն այդ դեղամիջոցների ազդեցությունը։

Արդյունքները ցույց են տվել, որ սովորաբար բուժումը դադարեցնելուց հետո առաջին տարվա ընթացքում մարդիկ վերականգնում են թերապիայի ընթացքում կորցրած քաշի մոտ 60%-ը։ Ընդ որում քաշի ավելացումն անորոշ ժամանակով չի պահպանվում. որոշ ժամանակ անց քաշի ավելացման տեմպը դանդաղում է և աստիճանաբար հասնում է պլատոյի (այսինքն, երբ որոշակի պահից հետո ռիսկերը դադարում են աճել -խմբ.)։ Նույնիսկ դեղամիջոցի դադարեցումից մեկ տարի անց մարդկանց մեծ մասը պահպանում է նախկին քաշի մոտ մեկ քառորդը։

GLP-1 դեղամիջոցները գործում են՝ կշտացածության և արյան մեջ գլյուկոզի մակարդակը կարգավորող հորմոնի ընդօրինակման հաշվին։ Դրանք նվազեցնում են ախորժակը և մարդկանց օգնում են ավելի քիչ ուտել, ինչը հանգեցնում է քաշի զգալի կորստի։ Սակայն բուժման դադարեցումից հետո օրգանիզմն աստիճանաբար վերադառնում է ախորժակի և նյութափոխանակության կարգավորման նախկին մեխանիզմներին, ինչը նպաստում է քաշի մասնակի վերականգնմանը։

Ընդսմին, հետազոտողները նշում են, որ ոչ բոլոր բուժառուներն են վերադառնում սկզբնական քաշին։ Գիտնականների կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մարդիկ հաճախ բուժման ընթացքում նոր սննդային սովորություններ են զարգացնում, օրինակ՝ կրճատելով ուտելիքի բաժինների չափը կամ ընտրելով ավելի հավասարակշռված սնունդ։ Նման վարքային փոփոխությունները կարող են շարունակվել բուժման ավարտից հետո էլ։

Բացի դրանից, հնարավոր է, որ դեղամիջոցները երկարատև ազդեցություն ունենան ախորժակը և էներգետիկ հավասարակշռությունը կարգավորող հորմոնալ մեխանիզմների վրա։

Գիտնականներն ընդգծում են, որ ճարպակալումը խրոնիկական վիճակ է, ուստի բուժումը հաճախ երկարատև ռազմավարություն է պահանջում։

Leave A Reply

Your email address will not be published.