Ինչու են քաղցկեղը հաղթահարած մարդիկ ավելի հազվադեպ բախվում Ալցհեյմերի հիվանդությանը
Մկների վրա կատարված նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում, կարող է լույս սփռել քաղցկեղի եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ զարմանալի կապի վրա։
Բժիշկները վաղուց նկատել են. քաղցկեղը հաղթահարած մարդիկ ավելի հազվադեպ են տառապում Ալցհեյմերի հիվանդությունից, այն դեպքում, երբ դեմենցիա ունեցող պացիենտների մոտ ուռուցքներն ավելի հաճախ են հանդիպում։ Մինչ այժմ այդ երեւույթի ստույգ կենսաբանական պատճառը չի պարզվել։
Մկների վրա կատարված փորձերի ժամանակ հայտնաբերվել է հնարավոր մեխանիզմ, որը կարող է բացատրել այդ կապը։ Ալցհեյմերի հիվանդությունը կապված է ուղեղում ամիլոիդ-բետա թունավոր սպիտակուցային բշտերի կուտակման հետ։ Այդ բշտերը խախտում են կապը նեյրոնների միջեւ, առաջացնում բորբոքում եւ աստիճանաբար հանգեցնում հիշողության եւ կոգնիտիվ գործառույթների վատացման։
Երբ մկներին մարդու թոքերից, շագանակագեղձից կամ հաստ աղիից ուռուցքներ են ներարկվել, նրանց ուղեղը դադարեցրել է տիպիկ ամիլոիդային բշտերի կուտակումը: Որոշ փորձերի ժամանակ մկների հիշողությունը նույնիսկ բարելավվել է ուռուցք չունեցող վերահսկիչ խմբի համեմատ:
Հետազոտողները պարզել են, որ պատճառը կարող է լինել ցիստատին-C սպիտակուցը, որն արտադրվում է ուռուցքների կողմից եւ արտազատվում արյան մեջ: Ուղեղում այս սպիտակուցը կապում է բետա-ամիլոիդի փոքր կույտերը եւ «նշում» դրանք միկրոգլիայի՝ ուղեղի իմունային բջիջների կողմից ոչնչացվելու համար, որոնք գործում են որպես «մաքրողներ»: Ուռուցքներ ունեցող մկների մոտ ցիստատին-C-ն ակտիվացրել է միկրոգլիայի Trem2 ռեցեպտորը՝ դրանք բերելով ավելի ակտիվ վիճակի, ինչի դեպքում բշտերն ավելի արդյունավետ են հեռացվում:
Սակայն կարեւոր է հասկանալ, որ այս տվյալները ներկայում հիմնված են մկների, այլ ոչ թե մարդկանց վրա: Մկների մոդելներն արտացոլում են Ալցհեյմերի հիվանդության բարդ գործընթացների միայն մի մասը, եւ անհայտ է, թե արդյոք իրական պացիենտների մոտ ուռուցքները բավարար քանակությամբ ցիստատին-C կարտադրեն եւ նույնքան արդյունավետորեն կհասցնեն ուղեղին: Այնուամենայնիվ, այս արդյունքները բացում են նոր ուղիներ ապագա հետազոտությունների համար եւ կարող են նպաստել բուժման ռազմավարությունների մշակմանը, որոնք ուղղված կլինեն ուղեղի բնական մեխանիզմների ակտիվացմանը՝ պաթոլոգիական սպիտակուցները մաքրելու համար։