Հայերն ու Հոլիվուդը․ ամերիկահայ պրոդյուսեր Լուիզա Շարամատյանը հայտարարել է Ջեյմս Ֆրանկոյի և Նիք Անտոնյանի մասնակցությամբ նոր ֆիլմի մասին
Ամերիկահայ պրոդյուսեր Լուիզա Շարամատյանը հայտարարել է, որ ինքը կլինի Ջեյմս Ֆրանկոյի և կատակերգու-դերասան Նիք Անտոնյանի մասնակցությամբ «Սերը հանդիպում է արևի լույսի ներքո»/Love Meets in the Sunshine/ ֆիլմի գործադիր պրոդյուսերներից մեկը։
Շարամատյանը լուրով կիսվել է իր ինստագրամյան հետևորդների հետ՝ հրապարակելով նկարահանման հրապարակից մի քանի կադրեր, այդ թվում՝ Ֆրանկոյի հետ համատեղ լուսանկարը։ Իր հայտարարության մեջ նա այդ փորձը որակել է որպես «սյուրռեալիստական»՝ ընդգծելով, թե որքան իմաստալից է եղել ֆիլմի ստեղծմանը հետևելը։
«Ես շատ ուրախ եմ կիսվել, որ ես Ջեյմս Ֆրանկոյի և Նիք Անտոնյանի մասնակցությամբ «Սերը հանդիպում է արևի լույսի ներքո» ֆիլմի գործադիր պրոդյուսերներից մեկն եմ», — գրել է նա։ «Գտնվել նկարահանման հրապարակում և դիտել, թե ինչպես է այս գեղեցիկ պատմությունը կյանքի կոչվում, շատ սյուրռեալիստական է եղել։ Ֆիլմերը նախատեսված են հոգիներ հուզելու և զգացմունքներ արթնացնելու համար, և այս ֆիլմը կանի դա ու շատ ավելին»։
Թեև Շարամատյանը նշել է, որ դեռ շատ մանրամասներ չի կարող բացահայտել, նա նշել է, որ անհամբեր է, թե երբ է հանդիսատսը, վերջապես, դիտելու այն։
«Ես դեռ շատ բան չեմ կարող կիսել, բայց անհամբեր սպասում եմ, մինչև դուք բոլորդ տեսնեք այն»,-ավելացրել է նա՝ շնորհավորելով դերասանական կազմին և անձնակազմին։
Ջեյմս Ֆրանկոյի և Նիք Անտոնյանի մասնակցությամբ «Սերը հանդիպում է արևի լույսի ներքո» ֆիլմը ֆինանսավորվել է Cloud 9 Studios-ի կողմից, իսկ պրոդյուսերներն են Նոլի Մոլան և Ժակ Աբրահամյանը։
Ջեյմս Ֆրանկոն «Օսկար» մրցանակի առաջադրված դերասան է, որը հայտնի է Spider-Man, Milk, Pineapple Express, The Disaster Artist և 127 Hours ֆիլմերից։
Նիք Անտոնյանը հայտնի կատակերգու է, որը ճանաչված է դարձել Դեյվիդ Դոբրիկի «Վլոգային խմբի» կազմում։
«Սերը հանդիպում է արևի լույսի ներքո» ֆիլմը հիմնված է Նիք Անտոնյանի պատմվածքի վրա, իսկ սցենարի հեղինակը և ռեժիսորը Քրիստիան Գիտոնն է։ Ֆիլմը նկարահանվել է Նյու Մեքսիկոյում անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ Դեյվիդ Դոբրիկը գործադիր պրոդյուսեր է։