ChatGPT Atlas-ը՝ Google-ի մրցակից, iPhone 17–ի վաճառքները գերազանցել են iPhone 16–ին. Ներդրողի բրիֆ | 28.10.2025

0

Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է տվյալների պահպանման լուծումներ և հիշողության կրելի սարքեր արտադրող SanDisk Corporation–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 32.82%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $186.16)։ Հաջորդը մասնագիտացված մետաղների և արդյունաբերական նյութերի արտադրությամբ զբաղվող Carpenter Technology Corporation–ն է՝ 31.89% աճով ($314.21)։ Եռյակը եզրափակում է բիզնես գործընթացների ավտոմատացման ծրագրային ապահովում մշակող Pegasystems Inc.–ը՝ 24.15% աճով ($66.27)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է փոքր մոդուլային ատոմային ռեակտորների նախագծմամբ զբաղվող Oklo Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 16.73%–ով ($136.05)։ Հաջորդը քվանտային հաշվարկային տեխնոլոգիաներ մշակող Rigetti Computing, Inc.–ն է՝ 16.26% անկումով ($38.84)։ Եռյակը եզրափակում է կիսահաղորդիչների և էլեկտրոնային բաղադրիչների արտադրությամբ զբաղվող STMicroelectronics N.V.–ը՝ 15.01% անկումով ($24.86)։


ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են զգալի աճով․ S&P 500-ը, Nasdaq-ը և Dow-ն գրանցել են ռեկորդային արդյունքներ՝ սեպտեմբերին գրանցված գնաճի սպասվածից ավելի թույլ տեմպի ֆոնին։ S&P 500-ը շաբաթն ավարտել է 0.79% աճով, Nasdaq-ը՝ 1.15%, իսկ Dow-ն՝ 1.01%։ Սա ամենամեծ շաբաթական աճն է օգոստոսից ի վեր։ Ընկերությունների եռամսյակային բարձր արդյունքները՝ հատկապես Ford-ի բաժնետոմսերի 12% աճը, նույնպես նպաստել են շուկաների դրական տրամադրվածությանը։


Եվրոպական ֆոնդային շուկաները ևս  շաբաթն ավարտել են ռեկորդային ցուցանիշներով՝ ԱՄՆ-ում գնաճի սպասվածից թույլ աճի և ԱՄՆ–Չինաստան առևտրային լարվածության մեղմման սպասումների ֆոնին։ Ուրբաթ օրը STOXX 600 համաեվրոպական ինդեքսն աճել է 0.2%-ով։ Աճին նպաստել է նաև ռուսական նավթային ընկերությունների դեմ  ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճը։


Հոկտեմբերի 22–ին ավարտված շաբաթվա արդյունքներով համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը գրանցել են վերջին երեք շաբաթների ամենամեծ ներհոսքը՝ 11.03 միլիարդ դոլար, ինչը նույնպես պայմանավորված է ԱՄՆ–Չինաստան առևտրային լարվածության թուլացման հույսերով և ամերիկյան խոշոր ընկերությունների բարձր շահութաբերությամբ։ Պարտատոմսերի ֆոնդերում ներդրումները հասել են 17.3 միլիարդ դոլարի՝ շարունակելով աճը 27-րդ շաբաթն անընդմեջ, դրամական ֆոնդերն ունեցել են $13.12 միլիարդ դրամի ներհոսք։ Ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերը մնացել են պահանջված՝ գրանցելով 7.16 միլիարդ դոլարի ներհոսք։


Goldman Sachs-ի տվյալներով՝ հեջ-ֆոնդերի՝ արհեստական բանականության հետ կապված տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ հետաքրքրությունը հոկտեմբերին հասել է 2016 թ.-ից սկսած ամենաբարձր մակարդակին։ Ֆոնդերի ակտիվ գնումները կիսահաղորդիչների և չիպերի ոլորտում վկայում են, որ ներդրողները շուկաների շարունակական աճի սպասում ունեն։ Այս ուշադրությունը նվազեցրել է ներդրումներն էներգետիկ հատվածում և խոշոր տեխնոլոգիական ընկերություններում։

Intel-ի բաժնետոմսերի գինն աճել է 7%-ով՝ եռամսյակային շահույթի սպասվածից բարձր ցուցանիշների ֆոնին, ինչը պայմանավորված է գլխավոր տնօրեն Լիփ-Բու Թանի իրականացրած ծախսերի կտրուկ կրճատման ծրագրով։ Սա ընկերության առաջին ֆինանսական հաշվետվությունն է այն բանից հետո, երբ այն բազմամիլիարդանոց ներդրումներ ներգրավեց Nvidia-ից, ճապոնական SoftBank-ից և ԱՄՆ կառավարությունից։


Քվանտային համակարգիչների մշակմամբ զբաղվող ԱՄՆ ընկերությունների բաժնետոմսերը հոկտեմբերի 23-ին կտրուկ աճել են՝ 7.8%–ից 16%-ի սահմաններում, այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է պետական ֆինանսավորմամբ այդ ընկերություններում բաժնեմասեր ձեռք բերելու հնարավորությունը։ Զեկույցում նշվում էր, որ բանակցություններ են ընթանում IonQ, Rigetti, D-Wave Quantum և Quantum Computing ընկերությունների հետ։ Թեև ԱՄՆ Առևտրի նախարարությունը հերքել է նման բանակցությունների ընթացքը, տեղեկությունը մեծացրել է ներդրողների հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ։


Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի 4.4% անկում են ապրել, այն բանից հետո, երբ էլեկտրական մեքենաներ արտադրողը չորրորդ եռամսյակն անընդմեջ շահույթի նվազում է արձանագրել, նույնիսկ այն պարագայում, երբ վաճառքը հասել է ռեկորդային ցուցանիշների։ Վերլուծաբանների կարծիքով՝ Tesla-ի շահութաբերության նվազումը հիմնականում պայմանավորված է բարձր գործառնական ծախսերով և  մաքսատուրքերի աճով ։


OpenAI-ը հոկտեմբերի 21-ին ներկայացրել է ChatGPT Atlasը, որն արհեստական բանականությամբ աշխատող բրաուզեր է։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս քայլը կարող է խթանել ԱԲ-ով կառավարվող որոնումների մասսայականացումը և խորացնել մրցակցությունը Google-ի հետ, որը շարունակում է տիրապետել շուկայի մոտ 72%-ին։


Apple-ի բաժնետոմսերը հոկտեմբերի 20-ին աճել են 4.2%-ով՝ հասնելով պատմական առավելագույնին և մոտեցրել ընկերությանը 4 տրիլիոն դոլար շուկայական կապիտալիզացիային, ինչի շնորհիվ այն դարձել է Nvidia-ից հետո աշխարհում ամենաթանկարժեք երկրորդ ընկերությունը։ Նոր iPhone 17–ը շուկա դուրս գալու առաջին 10 օրվա ընթացքում Չինաստանում և ԱՄՆ-ում վաճառվել է 14%-ով ավելի արագ, քան iPhone 16-ը։ Կանխատեսվում է, որ ընկերությունը կգերազանցի սպասելիքները ընթացիկ եռամսյակում։


2025 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. մայիսի 4–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 96.1050 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.7608 տոկոս:


ԱՄՆ-ում սպառողական գները սեպտեմբերին սպասվածից քիչ են աճել։ Նախորդ տարվա համեմատ գնաճը կազմել է 3.0%, ինչն ավելի հավանական է դարձնում, որ Դաշնային պահուստային համակարգը հաջորդ շաբաթ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցնի 0.25 տոկոսային կետով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարության «shutdown»-ի հետևանքով տնտեսական տվյալների հավաքագրումը խափանվել է, և հոկտեմբերյան գնաճի հաշվետվության հրապարակումը հարցականի տակ է։


Մինչեւ տարվա վերջ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը երկու անգամ կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Reuters-ի հարցմանը մասնակցած տնտեսական վերլուծաբանների մեծ մասը կարծիք է հայտնել, որ հաջորդ շաբաթ Դաշնային պահուստային համակարգը 0.25 տոկոսային կետով առաջին նվազեցումը կանի, ևս մեկը՝ նույն չափով՝ դեկտեմբերին։

youtube.com/watch?v=dfwzEUZYpXw&embeds_referring_euri=https%3A%2F%2Ftech.news.am%2F&source_ve_path=Mjg2NjY

Leave A Reply

Your email address will not be published.