Exclusive. Հովհաննես Համբարձումյանը՝ «Անորտոսիս» տեղափոխության և Հայաստանի հավաքականի մասին
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Կիպրոսի «Էնոսիսից» տեղափոխվել է «Անորտոսիս»՝ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի հունիս:
29-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը Կիպրոսի ընթացիկ առաջնության 23 խաղերում վաստակել է 46 միավոր և «Օմոնիայի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղերը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Համբարձումյանը պատմել է նոր ակումբ տեղափոխության, «Անորտոսիսի» վրացի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայայի գործոնի, նաև Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին:
««Էնոսիսի» հետ իմ պայմանագրի ժամկետն ավարտվել էր, և ես «Անորտոսիս» եմ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Այս տեղափոխությունը, միանշանակ, քայլ առաջ է իմ կարիերայում: Շատ հաճելի է դառնալ Կիպրոսի ամենաուժեղ թիմերից մեկի մասնիկը: Պատրաստ եմ օգնել իմ թիմին հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել Կիպրոսում և հաջող մրցելույթներ ունենալ միջազգային ասպարեզում:
Այո, հիշում եմ, որ 2010 թվականին «Բանանցի» կազմում մրցեցի «Անորտոսիսի» հետ: Կարող եմ ասել, որ այդ խաղերի համեմատ ակումբն էլ ավելի է հզորացել:
Իմ տեղափոխության մեջ մեծ դեր է ունեցել «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ, Վրաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայան: Շուտով հավաքի կմասնակցեմ նոր թիմի կազմում:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, կարծում եմ, Ազգերի լիգայի մրցաշարում մենք լավ հնարավորություն ունենք մեր խմբում առաջին տեղը գրավելու համար: Հուսով եմ, որ նորեկներն էլ ավելի կուժեղացնեն մեր ազգային թիմը»,- նշել է Համբարձումյանը:
Սամվել Սուքիասյան