«Բարձրակրունկներով վազում էի աքլորի հետեւից». մոդել Լիանա Թովմասյանի նոր ֆոտոշարքն ու զավեշտալի միջադեպը
Մոդել Լիանա Թովմասյանը, որն ամուսնությունից հետո տեղափոխվել էր Շանհայ, այս ընթացքում Հայաստանում է: Այստեղ նա նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Քրիստինա Արուտյունովայի (Chris Nova) հետ: Նկարահանումների ընթացքում Լիանան ստիպված է եղել վազել անհնազանդ աքլորի հետեւից՝ այդ ընթացքում կրելով նորաձեւ հագուստ ու բարձրակրունկներ: Մոդելը NEWS.am STYLE-ին է տրամադրել իր նոր լուսանկարներն ու պատմել ֆոտոշարքի զավեշտալի իրարանցման, գյուղական միջավայրի, ամուսնու հետ Չինաստան տեղափոխվելու ու այնտեղ մոդելային կարիերա սկսելու մասին:
Լիանա, ֆոտոշարքում գյուղական միջավայրում ես, բայց շատ նորաձեւ կնոջ կերպարում. ինչ—որ հատուկ մեսիջ ունեցե՞լ է շարքը: Ինչպե՞ս առաջացավ գաղափարը:
Նորաձեւությունը տեսնում եմ ամենուր եւ ամեն ինչ՝ նորաձեւության մեջ, մեսիջը սա է:
Մենք ծրագրել էինք լրիվ այլ ֆոտոշարք անել, բայց որոշակի խանգարող հանգամանքներ եղան ու տեղում փոխեցինք միտքը. որոշեցինք նորաձեւությունը ֆիքսել գյուղական կյանքի հետ: Կարծում եմ` ստացվեց:
Որտե՞ղ են տեղի ունեցել նկարահանումները:
Նկարահանումներն իրականացրել ենք Լոռիում, մի քանի գյուղերով շրջել ենք ու գտել շատ հին գյուղական տուն, որտեղ կկարողանայինք ստանալ նման ֆոտոշարք: Հանդիպեցինք մի կնոջ, որը թույլ տվեց իր տան բակում անել նկարահանումները: Նրան խնդրեցինք, որ աքլոր մեզ տրամադրի, ու այդպես անցանք գործի…
Ինչպե՞ս ընթացավ քո եւ աքլորի «համագործակցությունը»: Ի՞նչն էր ամենադժվարը:
Սկզբում շատ հանգիստ էր, մի քանի լուսանկար արեցինք, բայց երբ հավաբնի դուռը բացվեց եւ հավերը դուրս եկան, աքլորը ձեռքիցս փախավ (ծիծաղում է): Հասավ դիմացի հողատարածք, ու այդ ժամանակ ես ու լուսանկարիչը չգիտեինք` ինչ պետք է ասեինք այն կնոջը, որը մեզ տրամադրել էր այդ աքլորին: Հետո բոլորս սկսեցինք վազել այդ աքլորի հետեւից: Բարձրակրունկներով վազում էի տարբեր հողամասերով, որ բռնեինք նրան (ծիծաղում է): Իսկ մինչ մենք բոլորս կենտրոնացած որոնում էինք աքլորին, հավաբնից այդ ընթացքում մի հավ փախավ… լրիվ հակառակ ուղղությամբ: Մի խոսքով` մոտ երկու ժամ ես ու լուսանկարիչը մյուս գյուղացիների հետ միասին վազել ենք այդ աքլորի ու հավի հետեւից ու կարելի է ասել` մեր համատեղ ֆոտոշարքը չստացվեց:
Այն լուսանկարները, որոնք կտեսնեք, հենց առաջին մի քանի կադրերն են: Մտադիր էինք մայրամուտին անել նկարները, բայց աքլորի «փախուստի» պատճառով չստացվեց: Ամեն դեպքում, լավ հուշեր մնացին այդ օրվանից:
Գյուղում երբեւէ ապրե՞լ ես:
Գյուղում չեմ ապրել, բայց շատ եմ սիրում գյուղական կյանքը, գյուղական սնունդը: Տատիկներս ու պապիկներս գյուղացիներ են, ու ես շատ հաճախ եմ նրանց այցելում ու շաբաթներով մնում այնտեղ: Ինձ շատ է դուր գալիս այդ միջավայրը, միգուցե, հետագայում գյուղերից մեկում տուն գնեմ ու որոշ ժամանակ մեկուսանամ այնտեղ:
Տեւական ժամանակ Չինաստանում էիր. ե՞րբ ես վերադարձել Հայաստան. ինչո՞վ էր պայմանավորված այցդ:
Այո, հենց ամուսնության հաջորդ օրը որոշեցինք մեր համատեղ կյանքը սկսել Չինաստանում` Շանհայ քաղաքում: Հիացած եմ… շատ լավ ու զարգացած քաղաք է: Առաջին անգամ էի այնտեղ, եւ 7 ամիս այնտեղ մնալուց հետո այս չարաբաստիկ վիրուսի պատճառով ժամանակավորապես վերադարձանք Հայաստան` չմտածելով, որ այստեղ էլ է նույնը լինելու: Հիմա այնտեղ ամեն ինչ կարգավորվել է, պարզապես չվերթներ դեռ չեն իրականացվում, դրա համար Հայաստանում ենք, բայց երբ առաջին չվերթը լինի, վերադառնալու ենք Չինաստան: Մի քանի տարի դեռ այնտեղ պետք է մնանք, որովհետեւ ունենք աշխատանքային պայմանագիր: Այնուհետեւ կվերադառնանք Հայաստան ու կշարունակենք ապրել այստեղ:
Չինական մշակույթին հարմարվելը հե՞շտ էր:
Չինական մշակույթը շատ զարգացած է, բոլոր ոլորտներն են այնտեղ շատ զարգացած, ես շատ բան եմ սովորել Շանհայում: Ինձ միշտ թվում էր` ես «տեսած եմ», զարգացած եմ, բայց Շանհայում հասկացա, որ դեռ շատ բաներից հետ եմ: Չինացիները շատ խելացի են ու աշխատասեր, դա ինձ դուր է գալիս. Շանհայում ես ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում:
Այնտեղ մոդելային կարիերա սկսելու շանսեր կայի՞ն:
Այնտեղ տեղափոխվելուց երկու ամիս անց սկսեցի զբաղվել մոդելային աշխատանքով, համագործակցում էի մի քանի գործակալների հետ, հիմնականում չինական բրենդների ֆոտոշարքերին էի մասնակցում, այնտեղ մասնակցել եմ նաեւ հայտնի բրենդներից մեկի քասթինգին, որի անունը դեռ չեմ ուզում նշել, եւ որի ցուցադրությունը պետք է լիներ ապրիլին կամ մայիսին: Ես նախնական փուլն անցել եմ, պետք է լիներ նաեւ երկրորդ փուլ, բայց հետո իրենց Նոր տարին սկսվեց, հետո էլ` վիրուսը, ու այդպես աշխատանքները ժամանակավորապես հետաձգվեցին: Հուսով եմ` երբ ամեն ինչ կարգավորվի, դա էլ ուժի մեջ կլինի, ու ես երեւի իմ կյանքի ամենապատասխանատու ցուցադրությանը կմասնակցեմ: Հիմա էլ գործակալները գրում են ինձ, բայց ցավոք` առայժմ այստեղ եմ ու չեմ կարող աշխատել:
Ամուսնությունը փոխե՞լ է քեզ:
Այո, ամուսնությունը շատ բան է փոխել իմ կյանքում: Հիմա ավելի ուրախ եմ, քանի որ կողքիս կա մի մարդ, որը բացի ամուսին լինելուց` նաեւ ընկեր է, ինձ հասկանում է, խորհուրդներ տալիս ու աջակցում:
Ինչպե՞ս այս համաճարակն անդրադարձավ մոդելային ասպարեզի վրա:
Կարծում եմ` այս համաճարակը բոլոր ասպարեզների վրա է ազդել… Տա Աստված, որ մինչեւ օգոստոս ամեն ինչ կարգավորվի, ստեղծվի, վերջապես, այն պատվաստանյութը, որով հնարավոր կլինի այս ամենի դեմն առնել…
Հիմա ինչո՞վ ես զբաղվում:
Ներկա պահին ոչ մի հիմնական աշխատանք չեմ կարող վերցնել, որովհտեւ հնարավոր է`մոտ երկու ամսից վերադառնամ Չինաստան: Մի քանի նախագծերի շուրջ եմ աշխատում, ֆոտոշարքերս եմ ավելացնում: Ունեմ նաեւ մի քանի գովազդային առաջարկներ, որոնք մինչեւ մեկնելս կհասցնեմ իրագործել: