Երբ քարտեզի վրա փնտրում են Հայաստանը, զարմանում են, որ նման փոքր երկիր կարող է նման Բիենալե ունենալ
Բարձրահարկերից հարևան պոստմոդեռնիստական կառույցի տանիքին շպրտվող աղբի տոպրակներ, անպիտանի կենցաղային իրեր, մինչև անգամ սառնարան ու լվացքի մեքենա, հարակից մայթին՝ Էջմիածին տանող մասնավոր վարորդների իմպրովիզացված կայանատեղի, շենքի գլխավոր մուտքի մոտ փողոցային առևտուր։ Խոսքը՝ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում գտնվող ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Գևորգ Արամյանի նախագծված իկոնիկ կառույցի մասին է, որը անկախության տարիներից սկսած, մեղմ ասած անտարբերության մատնված, տարբեր հատվածներում ինքնակամ կառուցապատման և վերը նշվածի շնորհիվ կորցրել էր իր ճարտարապետական դիմագիծն ու բովանդակությունը։
Զրույց «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանի հետ.

«Տակառների» անփառունակ ճակատագիրը
Ջիմ Թորոսյանի և Գևորգ Արամյանի նախագծած, Մաշտոցի 7ա հասցեում գտնվող կառույցը, որը ժողովուրդը կնքեց «տակառներ» («բոչկաներ»), նախատեսված էր որպես Հենրիկ Իգիթյանի ու անվանի նկարիչների ջանքերով 1972 թվականին հիմնադրած ժամանակակից արվեստի կենտրոնի նոր մասնաշենք։ Սա խորհրդային ճարտարապետության ժամանակակից արվեստի թանգարան նախագծելու առաջին փորձն էր և նպատակն էր ստեղծել մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքներին համապատասխանող կառույց։
Մասնաշենքի բացման տարեթվի հետ կապված ոմանք նշում են 1985 թվականը, ոմանք՝ 1986-ը։ Որպես ժամանակակից արվեստի թանգարանի մասնաշենք այն գործեց ընդհամենը մի քանի տարի։ Կառույցն, ի սկզբանե, ուներ տեխնիկական խնդիրներ: Ըստ նախագծի, բաց հատվածներում ջրավազան պետք է լիներ, որն աշխատեց կարճ ժամանակ ջրի շրջանառության սխալ հաշվարկի պատճառով։ Ապակյա տանիքը փոխարինվեց անորակ թիթեղով, որը ժամանակի ընթացքում դարձավ պատուհաս: Տանիքից ներս էին հոսում անձրևաջրերը և պատերը բորբոսով պատում։
Որպես ցուցասրահ կառույցը հիմնականում չէր գործում։ 1990-ականներին կառույցի մի հատվածում բացվեց վաճառասրահ։ Որոշ ժամանակ գործեց որպես էկզոտարիում։ Ավելի ուշ՝ հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք։
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Իգիթյանը նոր մասնաշենքի կառուցման պայմանով 1996 թվականին կառույցը հանձնեց քաղաքապետարանին: Մեկ տարի անց քաղաքապետարանը «տակառներում» հիմնադրեց «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը, որի նպատակն էր սփյուռքի հետ կապերի ամրապնդումը։ Նույնիսկ Գառզուն իր լուման ներդրեց՝ նվիրելով կենտրոնին իր գրաֆիկայի գործերից։ Ունենալով չնչին պետական ֆինանսավորում «ՀայԱրտ»-ը հայթայթելով ռեսուրսներ իրականացնում էր փորձարարական նախագծեր, անգամ արտասահմանյան ցուցասրահների հետ համատեղ։ 2004-ին քաղաքապետարանը որոշեց կասեցնել կենտրոնի գործունեությունը, իսկ տարածքը պահպանվեց արվեստագետների բողոքի շնորհիվ։
2013 թվականին «տակառներից» մեկն անժամկետ տրամադրվեց ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահին:
Սառնարաններ ու լվացքի մեքենաներ մշակութային կենտրոնի տանիքում
Մեկ տարի առաջ, երբ նշանակվեցի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և տեսա իրողությունը, հասկացա, որ միայն տանիքը վերանորոգելով խնդիրը չի լուծվի։ Դիմեցինք Երևանի քաղաքապետարան և ԿԳՄՍ նախարարությանը հարցին լուծում տալու։ Պետք է ասեմ, որ երկու պետական կառույցներն էլ արձագանքեցին, եկան, տեսան իրավիճակն ու հիմնանորոգելու որոշում կայացրեցին ։ Առաջինը ինչ արեցինք, դա Մաշտոցի պողոտայի կողմից գլխավոր մուտքի բացումն էր, քանի որ երկար տարիներ կառույցի ելքն էր օգտագործվում որպես մուտք։ Արդեն վերաբացվել է գլխավոր մուտքը, դեպի առաջին սրահ տանող շքեղ աստիճաններով։
Հիմա քայլ առ քայլ առաջ ենք գնում։ Բացում ենք գլանների տակի խեղաթյուրված, ապակեպատ հատվածը, որը ի սկզբանե նախատեսված էր որպես հանրային տարածք և բաց էր անցորդների համար։
Կառույցի հարակից մայթը տարիներ ծառայում է որպես ինքնակամ կայանատեղի Էջմիածին գնացող վարորդների համար։ Հիմա քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության շնորհիվ մեքենաները տեղափոխվեցին դիմացի մայթի բակ, սակայն Էջմիածին մեկնողները դեռ հավաքվում են կառույցի ելքի մոտ և մեկ-մեկ տպավորություն է, որ ցույց է։ Հուսով ենք, որ այդ խնդիրն էլ լուծում կստանա։ Կբարեկարգվի նաև հարակից տարածքը։ Մոտակա շենքերի բնակիչները տարիներ շարունակ այս կառույցը դիտարկել են ոչ թե թանգարան, այլ հարմար աղբավայր։ Առանց չափազանցնելու օրը երեք անգամ կենցաղային աղբ ենք հավաքում։ Ավելին ասեմ, պատկերացնու՞մ եք, հատկապես բարձր հարկերում ապրող բնակիչները իրենց փչացած տեխնիկան՝ սառնարաններն ու լվացքի մեքենաները, ներքնակներն ու հիգիենայի պարագաները պատշգամբից նետել են տանիքի վրա։ Այս հարցն էլ ինչ որ ձևով պետք է կարգավորել, ոստիկանության ու քաղաքապետարանի միջոցով պատասխանատվության պետք է ենթարկել։ Հիմա նաև լուսավորության հարցերն եք լուծում։
Արտերկրից եկած զբոսաշրջիկները զարմանում են, որ քաղաքի կենտրոնում նման կառույց կա, որովհետև իրենց երկրներում նման կառույցները քաղաքի սրտում չեն։
Համագործակցում ենք «Սնխ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր ճարտարապետներ Աշոտ և Արմինե Սնխչյանների հետ, որոնք, ի դեպ Վենետիկի բիենալեում ներկայացրել են «ՀայԱրտ»-ի վերակառուցման և արդիականացման հայեցակարգը, սրանով իսկ միջազգային հնչեղություն են հաղորդել կառույցին։ Այս նախագծով կազատագրվեն սյուները ապօրինի պատերից, կվերականգնվի բացօթյա սրճարանը, աշխատասենյակները պետք է նախագծվեն այնպես, որ չխանգարեն սյուների տրամաբանությանը։ Կառույցը ներառում է հինգ գլան, նաև տակի տարածքը, բակային հատվածը, որը պետք է դառնա կանաչ տարածք։
Մենք մեծ փաթեթ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարան կենտրոնի ռազմավարության, անվանափոխության և հայեցակարգի վերաբերյալ։
Կենտրոնը 3000-ից ավելի արվեստի գործերի հավաքածու ունի և սա թույլ է տալիս բացի մշակույթի կենտրոն լինելուց նաև մշտական ցուցադրության թանգարան լինել։
Ինչ վերաբերում է անվանափոխությանը, կարևոր է, որ այնպիսի անվանում լինի, որը միջազգային գործընկերների համար հասկանալի լինի։ Նաև կարգավիճակը ճանաչելի լինի։
Տպագրությունից մինչև պիքսել․ արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն
Բացի շինարարական աշխատանքներից հիմա զբաղված ենք Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025-ի կազմակերպման հարցերով, որը կանցկացվի սեպտեմբերի 5-ին։
Կազմակերպիչներն են «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն, «ՀայԱրտ» կենտրոնի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Սա կերպարվեստի ոլորտում նույնն է, ինչ «Ոսկե ծիրանը» կինոյի ոլորտում։
Այս տարի բավական պատվաբեր ժյուրի ունենք, իսկ միջոցառման հատուկ հյուրն է՝ Նորվեգիայի Սոնյա Թագուհու գեղարվեստական տպագրության ամենամյա մրցանակի տնօրեն և ժամանակակից արվեստի առաջատար գործիչ տիկին Թրուդե Գոմնես Ուգելստադը Նորվեգիայից, ով նաև Բիենալե-ի ժյուրիի նախագահն է:
Մասնակցության համար դիմել են 544 արվեստագետ 63 երկրից, որոնցից ընտրվել են ՝ 213-ը 48 երկրից, մասնավորապես Լեհաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից Հնդկաստանից, իհարկե նաև Հայաստանից։ Իսկ մրցութային ցուցադրության համար ներկայացված 1718 փորագրանկարից ընտրել ենք 423 աշխատանք։
Հիմնական ցուցադրության հետ զուգահեռ Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բինալեն կհյուրընկալի երկրորդ միջազգային համաժողովը՝ «Տպագրությունից մինչև պիքսել․ արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն» խորագրով։ Երկօրյա սիմպոզիումը կհամախմբի արվեստագետների, հետազոտողների, տեխնոլոգների, իրավաբանների և մշակութային գործիչների Հայաստանից և արտերկրից՝ ուսումնասիրելու, թե ինչպես են արհեստական ինտելեկտն ու նոր տեխնոլոգիաները վերափոխում արվեստի ապագան։
Երբ ասում ենք բիենալե, բոլորի մոտ անմիջապես ասոցացվում է Վենետիկի բիենալեի հետ, քանի որ այն լայն ճանաչում ունի։ Իսկ նման հնչեղությունը ապահովում են ֆինանսական մեծ ներդրումները՝ քաղաքային իշխանության, նաև մշակույթի նախարարության։ Վենետիկ քաղաքի համար բիենալեն դարձել է տոն և քաղաքային իշխանությունները դիտարկում են որպես կարևորագույն իրադարձություն, քանի որ այն խթանում է նաև զբոսաշրջությունը և բիենալեի շնորհիվ Վենետիկ են այցելում հարյուր հազարավոր մարդիկ։
Առանց ավելորդ համեստության ասեմ, որ բիենալեի ձևաչափը Հայաստանում մենք են մշակել։ Մի քանի հոգով կատարել ենք ահռելի մի գործ, որ մի մեծ աշխատակազմ է պահանջում։ Եթե մենք այս տարիների ընթացքում կարողացել ենք նման միջոցառում կազմակերպել, որը ստացել է միջազգային հնչեղություն, պատկերացնում եք ինչ կարելի էր անել մեծ ֆինանսական աջակցության դեպքում։
Հիմա արվեստագետներն ու նաև արվեստասերները Եվրոպայից բացի նոր հարթակներ են փնտրում դրսևորվելու, ցուցադրվելու համար։ Ստանալով ինֆորմացիա բիենալեի մասին, երբ քարտեզի վրա փնտրում են Հայաստանը, զարմանում են, որ նման փոքր երկիր կարող է նման միջոցառում ունենալ։ Այսինքն բիենալեն նպաստում է Հայաստանի հայտնաբերմանն ու ճանաչմանը։
Եթե դեռ 2017 թվականին առանց որևէ հոնորարի իրականացրել ենք առաջին բիենալեն իրոք չորս հոգով, ապա 2025-ին մենք չենք կարող ընդգրկել մարդկանց, որոնք հանուն գաղափարի կանեն նույնը։ Շատ ափսոս կլինի, եթե ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով հետագայում չկարողանանք կազմակերպե բիենալեն, քանի որ դժվարը հիմնելն ու ճանաչում ձեռք բերելն էր, իսկ այդ ճանապարհը մենք արդեն անցել ենք։ Երևանյան բիենալեն իր ուրույն տեղն է զբաղեցնում միջազգային բիենալեների ձևաչափում։ Հիմա արդեն զարգանալու համար մեծ ֆինանսներ հարկավոր, սակայն ավաղ Հայաստանում դեռ չի ձևավորվել մեկենասների մշակույթը։ Ի դեպ, գործարարներն ավելի մեծ ցանկություն են հայտնում ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք պետական աջակցություն ունեն։ Դա ցանկացած երկրում է այդպես։ Այնպես որ պետական աջակցությունն անչափ կարևոր է։