«Ֆուլ Հաուս» ֆիլմում կներկայացվի բոլորովին նոր պատմություն՝ հայտնի հերոսների մասնակցությամբ․ դերասանական կազմի, պրեմիերայի և անակնկալ կերպարի մասին առաջին մանրամասները

0

Բոլորովին նոր պատմություն՝ հին ու սիրված կերպարների մասնակցությամբ։ Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են «Ֆուլ Հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը հիմնված է հայտնի սիթքոմի վրա։ Ինչպիսի՞ն է լինելու ծանոթ հերոսների ճակատագիրը նոր նախագծում․ NEWS.am STYLE-ը զրուցել է պրոդյուսեր և դերասան Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ, որը չցանկացավ առայժմ բացել շատ փակագծեր, բայց կիսվեց սպասվող ֆիլմի առաջին մանրամասներով։

Պրոդյուսերը նշում է՝ ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, բայց վերջնական որոշումը կայացրել է մեկ ու կես տարի առաջ, որից հետո անմիջապես անցել են նախապատրաստական աշխատանքներին։ «Իհարկե, այս ամենը չէր լինի, եթե չլիներ հեռուստադիտողների մեծ պահանջն ու ցանկությունը»,-հավելեց Արմեն Պետրոսյանը։ 

«Ֆուլ Հաուսը» լինելու է առաջին հայկական արկածային կատակերգությունը, որտեղ հիմնական հերոսները սիթքոմի կերպարներն են, ասում է Մենչը։ Նրա խոսքով՝ ֆիլմում կպահպանվեն կերպարների միջև հարաբերությունները։ «Սակայն պատմությունը բոլորովին նոր է։ Հանդիսատեսը կտեսնի բոլոր կերպարներին, բացի Քրիստինե Եղոյանից (նա մարմնավորում էր Զառային․ հեղ․)։ Նա չհասցրեց անձնագիրը թարմացնել։ Մեզ համար շատ կարևոր է բոլորի մասնակցությունը, բայց այդ հարցում մենք անկարող էինք»,-նշեց նա՝ հավելելով, որ ֆիլմում ընդգրկված կլինեն նաև այլ կերպարներ, որոնց կմարմնավորեն ինչպես արդեն ճանաչված, այնպես էլ անծանոթ, բայց տաղանդավոր դերասաններ։ «Նաև ունենք անակնկալ՝ ֆիլմում կմասնակցի Ռուսաստանից ժամանած հայտնի ու սիրված դերասան»,-ասաց Արմենը։ 

Պրոդյուսերի խոսքով՝ թե ստեղծագործական կազմը, թե դերասանները նկարահանման հրապարակ վերադարձել են «շատ կարոտած»։

«Նկարահանման ամեն օրը մեզ համար հաճույք է՝ անկախ դժվարություններից»։

Ֆիլմի նկարահանումները կավարտվեն սեպտեմբերի կեսերին, դրանք հիմնականում տեղի են ունենում Երևանում և Ստեփանավանում։ Պրեմիերան կկայանա 2026 թ-ի հունվարի 29-ին։ 

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.