Երևանյան երեկո՝ պարուրված լեգենդար երգչուհի Էլվինա Մակարյանի՝ երբևէ չթողարկված երգերով

Երևանյան երեկոն պարուրում էր ջազը: Քաղաքի երաժշտական գողտրիկ անկյուններից մեկում՝ Kami ակումբում,  հնչում էին լեգենդար երգչուհի Էլվինա Մակարյանի՝ երբևէ չթողարկված ջազային ալբոմի երգերը:  Անգլերեն երգերի շնորհանդեսը կայացավ վինիլային ձայներիզի տեսքով։

Էլվինա Մակարյանի մասին իր հուշերով կիսվեց  նրա սանը, ով հետո դարձավ նրա մտերիմ ընկերը՝ ռեժիսոր, երգիչ Արման Աղաջանյանը.«էլվինայի հետ շփվելը գերագույն հաճույք էր։ Նա հումոր սիրող մարդ էր, ինքն էլ սիրում  էր հումորասեր մարդկանց։ Վերջին տարիների իր հումորն էր իրեն պահում։ Կդժվարանամ ասել՝ էլվինայի հետ շփվելը դժվա՞ր էր, թե՝ ոչ։ Ֆանտաստիկ հումոր ուներ: Երբ մարդը կողքիդ է, քեզ թվում է՝ միշտ կլինի, ու շատ բաներ բաց ես թողնում, չես հասցնում նրան վայելել։ Այդպես եղավ նաև Էլվինայի հետ…  Տարիներ առաջ վեց երգ ձայնագրեցինք, ու շարունակություն պետք է ունենար, բայց, ցավոք, չկարողացանք վերջացնել։ Այդ երգերը մնացին  մոտս… Եվ հայտնվեցին Վահան Մարտիրոսյանը, Գրիգոր Վահրամյանը, առաջարկեցին վինիլային տարբերակով թողարկել Էլվինայի երգերը։  Վինիլային տարբերակը նաև օրիգինալ հուշանվեր կարող է դառնալ Էլվինայի երկրպագուների, Էլվինային սիրողների  համար»:

Աղաջանյանի խոսքով, Էլվինա Մակարյանը դեռ շատ երգեր ունի պահպանած, որոնք սպասում են իրենց հերթին:

Էլվինա Մակարյանի անգլերեն երգերի բառերի հեղինակ Ռիտա Սուքիասյանը հուզմունքով պատմում էր, որ երգչուհու հետ շատ հաճելի էր աշխատելը: «Կարող եմ ասել, որ նա շատ   հետաքրքիր մարդ էր, մեր ընտանիքի  համար շատ հարազատ մարդ: Սիրում էր ուրախ և զվարճալի պատմություններ պատմել։ Բայց ես աշխատելիս երբեք չէի մոռանում, որ նա Էլվիանան է: Այս նոր երգերի մեծամասնությունը սիրո մասին է` այլ մարդու հանդեպ, ապրած վայրի… Դա այն է, ինչ զգում էի նրա երգերն ամեն անգամ լսելիս»։

Արսեն Սաֆարյանը, ով կատարեց «Մայրամուտ» երգը, ուրախությամբ նշեց, որ հնարավորություն է ունեցել կատարել Էլվինա Մակարյանի երգերից մեկը. «Անկեղծ, ինչ-որ ես երգում եմ, դա իմ մոտեցումն է,  իհարկե չեմ կարող  հեղինակի նման կատարել, նա ֆենոմենալ արտիստ էր։ Նրա թողած ձայնադարանի  շնորհիվ հանգիստ կարող ես  սերունդներ կրթել ու ճաշակ թելադրել։  Շնորհակալ եմ ընկերոջս՝ Արման Աղաջանյանին, որ «ստեղծեց»  Էլվինայի  երգերի վինիլը, ինչի առիթով շնորհավորում եմ էլվինայասեր հանրությանը,որ նման  ժառանգություն  ունի։

Կարինա Առուստամյանը, ում երգացանկում շատ են Էլվինա Մակարյանի երգերը,   Գրիշա Աղաղանյանի հետ ներկայացրեցին՝ «Առանց սեր չկա գարուն» երգը։ «Նմանատիպ միջոցառումների շնորհիվ է, որ երաժշտությունը շարունակում է ապրել ու ամենակարևորը՝ էլվինայի թողած ժառանգությունը, որը  շատ թանկ է մեզ համար։ Նրա երգերը երգելով հավերժ ապրեցնում ես արտիստին։ Մեծագույն պատիվ է երգել Էլվինա։ Սկզբում  չէի ուզում  կատարել ձայնիս նմանության պատճառով,բայց երբ սկսեցի երգել  էլվինայի երգերը հասկացա, որ պետք է երգեմ, քանի որ այսօր ունենք որակյալ  ու հոգու երգերի պակաս»,-նշեց Առուստամյանը:

Տարիներ առաջ ձայնագրված, սակայն մինչ այսօր հանդիսատեսի համար անհայտ մնացած ստեղծագործությունները, ինչպես նաև հին ու սիրված երգերը կատարեցին Արսեն Սաֆարյանը,Շուշան Պետրոսյանը, Արման Աղաջանյանը, Ալլա Լևոնյանը, Ռոբերտ Քոլոյանը, Կարինա Առուստամյանը, Անահիտ Շահբազյանը, Սրբուկը, Աննա Լառայը, Աննա Վարդազարյանը, Անուշ Հարությունյանը,Գրիշա Աղաղանյանն ու Վիգեն Հովսեփյանը, և երևանյան երեկոն լցվեց էվելինյան սիրով, չէ որ… առանց սեր չկա ջազ, չկա գարուն: