«Քանի որ տղաս դեռ շատ փոքր է, ձանձրանալու ժամանակ չենք ունենում». ինչպես է Ելենա Վարդանյանը նշել 36-ամյակը

0

Դերասանուհի Ելենա Վարդանյանը երեկ՝ ապրիլի 22-ին, նշում էր ծննդյան 36-ամյակը: Չնայած արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին՝ Ելենայի մտերիմները կարողացել են ապահովել նրա՝ լավ իմաստով արտակարգ տարեդարձը: Դերասանուհին օրն անցկացրել է ընտանիքի անդամների կողքին եւ ասում է, որ իր համար դա ամենանախընտրելի տարբերակն էր:

Ելենան NEWS.am STYLE-ին պատմել է իր տոնական օրվա մանրամասները.

«Ծննդյանս օրը հրաշալի է սկսվել: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ ոչ մի տեղ չէի շտապում, պարզապես, վայելեցի առավոտս, իսկ առաջին շնորհավորանքները ստացա ամուսնուցս եւ տղայիցս: Տարեդարձս նշել եմ ընտանեկան միջավայրում՝ ծնողներիս, քրոջս եւ, իհարկե, ամուսնուս եւ որդուս հետ: Հիանալի ժամանակ ենք անցկացրել»:

Ի տարբերություն շատ կանանց՝ Ելենան չի վախենում մեծանալուց: Նա ոչ տարիքն է փորձում թաքցնել, ոչ էլ տխրում է դրա ավելանալուց: 36-ամյա դերասանուհին նշում է.

«Հասկացել եմ, որ հիմա վայելում եմ իմ կյանքի լավագույն շրջանը, քանի որ արդեն երկրորդ տարին է, որ տարեդարձս նշում եմ տղայիս հետ: Առհասարակ, սիրում եմ կյանքիս ցանկացած տարին եւ չեմ վախենում տարիքից, քանի որ կյանքն ամեն տարի ավելի հիասքանչ է դառնում»:

Այս տարի դերասանուհին փչելով տոնական տորթի մոմերը` պահել է երազանք, որը կապված է ընտանիքի հետ.

«Երազանք եմ պահել, որ ընտանիքիս բոլոր անդամներն առողջ լինեն եւ իմ կողքին»,-ասում է Ելենան, որն ինչպես շատերը՝ այս շրջանում տանն է՝ ամենամտերիմ մարդկանցով շրջապատված.

«Կարանտինն անցկացնում եմ տանը՝ ամուսնուս եւ որդուս հետ: Քանի որ տղաս դեռ շատ փոքր է, հավատացեք՝ ձանձրանալու ժամանակ չենք ունենում (ծիծաղում է)»:

Leave A Reply

Your email address will not be published.