Վենուս Ուիլյամսը հայտարարել է դերասան Անդրեա Պրետիի հետ նշանադրության մասին
Թենիսի լեգենդ Վենուս Ուիլյամսը հաստատել է իր նշանադրությունը իտալացի դերասան և մոդել Անդրեա Պրետիի հետ։
44-ամյա Ուիլյամսը, յոթ անգամ Մեծ սաղավարտի չեմպիոնը, The Cut-ին պատմել է, որ Պրետին իրեն ամուսնության առաջարկ է արել գարնանը, և նա համաձայնել է։
«Նա ինձ անհավանականորեն աջակցել է։ Եվ այո, մենք նշանադրվել ենք։ Նա ինձ առաջարկ է արել այս գարնանը, և ես համաձայնել եմ», — պատմել է Վենուսը։
Մարզիկը խոստովանել է, որ անցած տարին հատկապես դժվար է եղել իր համար։ 2023 թվականի հունիսին Ուիմբլդոնին մասնակցելուց հետո նա վնասվածք է ստացել և 12 ամիս շարունակ ոչ մի խաղ չի հաղթել։ Միայն 2024 թվականի հունիսին է նրան հաջողվել վերադառնալ և երկար սպասված հաղթանակ տանել Հերտոգենբոսում կայացած Լիբեմա Օփենի առաջին փուլում։ Նա նաև ասել է, որ Պրետին երբեք չի տեսել իր ուղիղ եթերում խաղալիս՝ ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ էլ մարզադաշտում։ «Դա նրա առաջին խաղն էր ինձ հետ։ Նա շատ նյարդային էր։ Եվ հետո ես հաղթեցի, և նա գրեթե լաց եղավ», — խոստովանել է Ուիլյամսը։
Թենիսիստուհին նշել է, որ վերջին տարիներին տառապում էր Շյոգրենի համախտանիշի՝ աուտոիմուն հիվանդության պատճառով առաջացած ցավերից, որը երկար ժամանակ չէր ախտորոշվում: «Նրանք ասում էին՝ «Պարզապես մի քիչ քնեք», կամ «Տարիքն է պատճառը», կամ «Դուք պարզապես հոգնած եք»: Եվ ես բառացիորեն չէի կարողանում քայլել: Դժվար էր նույնիսկ առօրյա գործեր անել», — անկեղծացել է նա։